Չեմ ներկայացնի կենսագրական կյանքի ողջ ճանապարհը, արված բոլոր հայտնի և անհայտ աշխատանքները, քանի որ ՖԲ-ում բազմաթիվ նման գրառումներ տեսա:
Բայց կարդալով նաև տարատեսակ գրառումներ նրա դրական կամ բացասական անձ լինելու մասին՝ կանդրադառնամ միայն մի կողմին:
Ինձ համար գլխավորը խոսքը չէ, այլ գործը: Չգիտեմ ու չեմ ուզում ընկղմվել նրա ռուսաստանյան գործունեության մեջ, հեռու էր, մեզ հետ ուղղակիորեն չառնչվող: Ինձ գրավող էր նրա անմնացորդ նվիրումն իր բնօրրանին՝ Արցախին, ու նրա մի գողտրիկ անկյանը՝ Խաչենի ձորակին: Դեռևս պատանեկան տարիներից ուսման մեկնելով ու մշտական բնակություն հաստատելով Ռուսաստանում, նա մնաց իր երկրի կատարյալ նվիրական զավակը: Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ-ում սկսեց զբաղվել հայտնի-անհայտ բիզնեսով (էական չէ), նա հայացքն ուղղեց դեպի իր ծննդավայր ձորակը՝ Վանք, Ծմակահող, Շահմասուր, Գառնաքար, Թբլղու, Քոլատակ, Առաջաձոր գյուղերով, Արցախի երբեմնի կաթողիկոսանիստ Գանձասարով ու Խաչենի մելիքության անվանատու Խաչեն գետով:
Բացարձակապես ԴՐՍՈՒՄ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ ստեղծած իր կապիտալի մի մասն ուղղորդեց ձորակի զարգացմանը, հիմնականում անհատույց կամ ավելի քիչ՝ ինքնարժեքը փակող աշխատանքներին, որոնց եկամուտն անգամ անվերադարձ ծախսում էր նույն ձորակում: Ստեղծեց 2 ինքնատիպ հյուրանոցներ («Տիտանիկ» նավի նմանությամբ և «Ծովին քար»՝ իր մանկության նույնանուն՝ Խաչեն գետի լողափի մոտ՝ հայտնի «Ժայռայուծ»-ով, որի մոտ ամեն Արցախ այցելող ուզում է անպայման նկարվել)՝ ձորակ այցելողների հոսքը մեծացնելու համար: Հիմնեց որակյալ կահույքի փայտամշակման արտադրամաս: Բացեց կենդանաբանական հարուստ այգի: Խաչեն գետի տարբեր հատվածներում սկսել էր հիմնել թիավարության և ձկնորսության տեղամասեր, այդ նպատակով 5 տարով արգելվեց կարմրախայտի որսը, որով գետը հարստացավ բարձրարժեք ձկնեղենով: Բուծում էր բարձրարժեք ձիեր ու ցանկանում էր սելեկցիայի ճանապարհով վերականգնել և բնության մեջ ազատ բնակեցնել Արցախի երբեմնի հպարտություն հանդիսացած հայտնի «Արցախյան նժույգ» ցեղատեսակը, որը աշխարհահռչակ արաբական նժույգի նախնին էր: Վանքում հիմնեց նմանատիպը չունեցող բարձրակարգ դպրոց, որին անգամ արևմտյան ու ամերիկյան դպրոցները կնախանձեին: Վերականգնեց ու նորացրեց Գանձասարի պարիսպը, որը, չնայած շատերի կողմից պարսավանքի արժանացավ՝ հնությունը նորացնելու համար, բայց նա իր երկիրը թանգարան չէր դիտում բաց երկնքի տակ, այլ՝ եռացող ու ապագայատենչ կյանքով լի: Մի օր հենց այդպես էլ ասաց. «Գանձասարը տարբեր դարերում վերանորոգվել է, փոխվել, թարմացել ու լավացել, որ հասել է մեր դարերը, ես էլ ուզում եմ, որ 1000 տարի անց այցելողն էլ կանգուն ու գեղեցիկ տեսնի»:
Բարեկարգեց ձորակի ու ձորակի մեջ մտնող գյուղերի ճանապարհները: Չէ, չբարեկարգեց. ավելի շուտ նոր ճանապահներ դարձրեց՝ առանց կարկատանների: Այդ ճանապարհները սպասարկող մեքենաներ բերեց՝ ամեն օր մաքրելու ու լվալու համար: Նման բան այլ տեղ երբևէ չեմ տեսել ու չէի լսել անգամ:
Ողջ ձորակն ապահովեց աշխատատեղերով՝ կանխելով արտագաղթը:
Կազմակերպեց արցախյան մեծ հարսանիքը՝ կարծեմ 784 երիտասարդ զույգի համար: Այնուհետև շահագրգռելով խթանեց, որ այդ նորաստեղծ ընտանիքներն արագ ու շատ զավակներ ծնեն, դրանով 1 տարվա ընթացքում Արցախի բնակչությունն ավելացնելով ու ժողովրդագրական պատկերը բարելավելով:
Չգիտեմ, արագ գրելով՝ այս պահին ինչ հիշեցի, դրա մասին գրեցի: Բայց իր գործերն ավելի ու ավելի շատ են հայրենի երկրում: Շատ բան կարող էի ասել, բայց այսքանով սահմանափակեմ խոսք ու մտրումս:
Ինքը գնաց: Բայց վստահ եմ, որ իր գործերն իրեն հավերժ ողջ կպահեն ազգի պատմության մեջ:
Որքա՜ն Խաչենի ձորակի պես ձորակներ կան, որտեղից դուրս են եկել բազում մեծահարուստներ: Ու եթե յուրաքանչյուրն այդքան գուրգուրանքով վերաբերեր իր ծննդավայրին...
Որքա՜ն, անգամ իրենից ավելի մեծահարուստներ ունենք օտար եզերքներում, որոնց անգամ դրսում արված գործերն անհետանալու են ժամանակի մեջ, ինչպես պատմությունն է ցույց տալիս: Բայց հայրենակենտրոն Լևոն Հայրապետյանի գործերը ոչ միայն կապրեն, այլ հենց կյանք տալ կշարունակեն Հայրենիքում...
Հիշատակդ թող հավերժ ապրի, մեծ հայորդի: Հանգչիր խաղաղությամբ: Դու, անկասկած, գնահատված ես: Ինձ համար այլ կարծիք չկա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10214912089103789&set=a.1941433303573.115937.1474663336&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել