ՑԱՎՈՎ ԵՄ ՆԿԱՏՈՒՄ, ՈՐ ՈՐՈՇ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ ՄՈՏ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԼԻՆԵԼ ԿԱՐԾԵՔ ՀԱՄԱՐԺԵՔ Է ԱԶԳԱՅԻՆԻՑ ԶՈՒՐԿ ԼԻՆԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԻՆ, ՈՐԸ ՃԻՇՏ ՉԷ, ԵՎ ՔԱՆԻ ՈՐ ԱՅԴ ՆՅՈՒԹՆ ԱՐԾԱՐԾՈՂ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ ԵՂԱՎ, ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱ ԱՅՆ ԴՆԵԼ ՇԱՏԵՐԻ ԴԱՏԻՆ։ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՄ ՁԵՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԼՍԵԼՈՒ։

ՀԱՐՑ
Ես շատ փոքր եմ Ձեր դիմաց, որպեսզի նման բան ասեմ, սակայն չեմ կարող լռել, քանի որ Ձեր միտքը, թե «այնքան ժամանակ քանի հայը հեռու է իր եկեղեցուց, նա կդադարի հայ մնալուց»։
Ես ինչքան գիտեմ, ստեղծվել է և պետք է լիներ միայն մեկ Եկեղեցի (չնայած նրան որ հիմա առկա են Քրիստոնեության 3 հիմնական ճյուղ և դրանցից գոյացած ավելի մանր ճյուղեր), և դա համընդհանուր Եկեղեցու մասին է խոսքը, որը բոլորի համար է և չի կարող լինել միայնի «հայը հեռու է իր», այսինքն՝ միայն հայկական կամ նմանատիպ այլ մի հասկացողություն: Եկեղեցին, որը ինձ իր մոտ կանչեց ոչ մարդկային խոսքի շնորհիվ, որը հանդիսանում է ընդհանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցի և չի առանձնացնում, որ ինքը հույների, բուլղարների, սերբերի, ռուսների կամ այլ ազգի ներկայացուցիչների համար է: 
Այն, ինչ ասացիք ինձ, ես կարող եմ հասկանալ նաև, որ, եթե ես, ընդունելով ուղղափառ Եկեղեցին, այսինքն՝ ոչ հայ առաքելական եկեղեցին, հայ չե՞մ:

Հայր Կոմիտաս, անկախ նրանից, թե ինչ կպատասխանեք, ես հայ եմ: Ծնվել, եղել եմ ու միշտ հայ կմնամ:

ՊԱՏԱՍԽԱՆ
Հարգարժան բարեկամ, նախ ի՞նչ է նշանակում հայ լինել, եթե մեկի հայրը հայ է, մայրը՝ ոչ, նա որքանո՞վ է հայ և որքանո՞վ ոչ։ Հետո Ազգությունը ինչն է որոշում, տարածականությունը, որին կոչում ենք հայրենիք, ծնողները, որոնցից ծնվում ենք, լեզվաիմացությունը, լեզվամտածողությունը, գենետիկ հիշողությունը, պատմությունը, ավանդությունները, թե՞... Ուրեմն հավատք միայն աստվածապաշտություն չի նշանակում, այլ հավատք նշանակում է օրենքների և պատվիրանների այն շղթան, որի միջոցով մարդկային հավաքականությունը ստանում է ազգային դեմք, դիմագիծ։ Այսօր մեզանից ոչ ոք չի կարող ասել, եթե ես մարմնական այս կամ այն կառուցվածքը ունեմ, հետևաբար պատկանում եմ այս կամ այն ազգին։ Ուրեմն, եթե ֆիզիկական կառուցվածքը չէ ազգությունը, ի՞նչ է այն։ 
Ազգությունը միևնույն պատմական հիշողության, նույն լեզվի, ավանդության, մտածելակերպի, հոգեբանության կրողների միությունն է։ Երբ մենք կարդում ենք Աստվածաշունչը, այնտեղ տեսնում ենք առկա 613 պատվիրաններ, որոնք սովորեցնում են հրեաներին ինչ կերպ պահել ազգայինը արժեքները, որը կարևորում էր նաև ինքը՝ Հիսուս Քրիստոսը, երբ ասում էր. «Մի կարծեք, թե Օրենքը կամ Մարգարեներին ջնջելու եկա. Չեկա ջնջելու, այլ լրացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. Մինչև որ երկինք ու երկիր անցնեն, մի հովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրենքից և մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի։ Ով որ այս պատվիրաններից, փոքրերից անգամ մի բան կջնջի և մարդկանց այդպես կումուցանի, երկնքի արքայության մեջ փոքր պիտի համարվի» (Մատթեոս 5.17-19)։ Սա ինքնին խոսում է այն մասին, որ կրոն միայն պարզ աստվածապաշտություն չի նշանակում, այլ ամեն մեկ ազգ իր կրոնական ընկալման մեջ դնում է այն կերպը, որը Հիսուսի նման իրեն հնարավորություն կտա հայտարարելու, «Նա (Հիսուսը) պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»: (Մատթեոս 15.24)։ Ուրեմն մեզանից ամեն մեկը պիտի հայտարարի. «այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ հայ ազգի տան կորուսեալ ոչխարների մօտ» նրանց փրկելու համար։ Որով եթե ոմանք կարծում են թե Քրիստոնեությունը կտրականապես մերժում է ազգային գաղափարը, ապա չարաչար սխալվում են։
Ի՞նչ եք կարծում, արդյոք պատահակա՞ն էր, որ Հայ Եկեղեցին 451 թվականին չընդունեց Քաղկեդոնականությունը իր երկվություններով՝ երկու կամք, երկու դեմք և երկու ներգործություն բանաձևերը, այլ մնաց երկու բնությունների միություն տարբերակի մեջ։ Քանի որ հայ եկեղեցու հայրերի համար պարզ էր մեկ բան՝ բյուզանդական ուժը կոչնչացներ մշակութային իր երախում հայ ժողովրդին։ Ուրեմն, եթե կարծում ենք, թե կրոնական տարբերություներ գոյություն չդնելով՝ մենք կարող ենք ճշմարիտ քրսիտոնեական կերպարի մեջ մտնել, չարաչար սխալվում ենք։ Քրիստոսի փրկագործության խորհրդի հիմնական իմաստն այն էր, որ մարդն այս կյանքում կարողանա ներդաշնակորեն կայսրինը՝ պետականը, իշխանականը, քաղաքացիական պարտքը, ճիշտ կերպով տա կայսրին՝ իր երկրին, պետության, իսկ Աստվածայինը՝ բարոյականը, հոգևոր արժեքները, ներաշխարհի ներդաշնակությունը, կատարյալ ձևավորված տա Աստծուն։ Քանի որ եթե անձը գիտակից նվիրյալը չէ իր ծնողների, իրենց ծնած ազգի, նա կատարյալ նվիրյալ չի կարող լինել իր Աստծու։ Աստվածային միասնականություն չի նշանակում ազգային ձուլում, ուծացում կամ կործանում, դա արդեն իսկ հակաստվածյան է։ Ուրեմն պահելով մեր Ազգային Մայր Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր ավանդությունները՝ խույս կտանք այն ամենից, ինչը տանելով մեզ դեպի ապազգայնացում, կտանի նաև դեպի կործանում, թե՛ քաղաքական և թե՛ հոգևոր իմաստով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել