«Իրաքյան Բասրա նահանգի խորհուրդը հայտնել է ինքնավարության մասին հայտարարելու իր մտադրության մասին, եթե կենտրոնական կառավարությունը շարունակի ոտնահարել նահանգի ֆինանսական իրավունքները»,- գրում են արաբական ԶԼՄ-ները։
Նահանգային խորհրդի ղեկավարի տեղակալ Բալիս Կայտանն ասել է, որ Բասրա նահանգը զբաղեցնում է երկրի բյուջեում ամենամեծ մասնաբաժինը՝ ընդհանուր բյուջեի ավելի քան 80 տոկոսը՝ շնորհիվ նավթի արտահանման, նավահանգիստների և այլ ռեսուրսների։
«Բաղդադի կառավարությունը տևական ժամանակ նահանգին չի տրամադրել իր ֆինանսական միջոցները»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դա բացասաբար է ազդել նահանգում ծառայությունների և ռազմավարական նախագծերի վրա։
Փաստացի, Իրաքում սկսվել է պետության կազմաքանդման գործընթացը: Իրաքյան Քրդստանում հանրաքվեն միայն արագացրել է այդ գործընթացը. դե յուրե միասնական, դաշնային Իրաքում փաստացի սկսելու են առաջանալ էթնիկ-կրոնական սուբյեկտներ` Սուննիստան, Շիաստան և Քրդստան։ Բաղդադի իշխանությունները չունեն ռեսուրսներ այդ գործընթացը կանգնեցնելու համար։
Սուննիական շրջաններին աջակցություն են ցուցաբերելու Սաուդյան Արաբիան և Ծոցի այլ միապետություններ, շիաներին (Բասրայում մեծամասնություն են կազմում շիաները)` Իրանը, իսկ Քրդստանին թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իսրայելը։
Մերձավոր Արևելքում («արաբական գարունը» միայն արագացրեց այդ գործընթացը), սկսվել է միասնական, արաբական պետությունների կազմաքանդումը` էթնիկ-կրոնական սահմաններով, ինչը ձեռնտու է ԱՄՆ-ին ու նրա տարածաշրջանային դաշնակից Իսրայելին: Արաբական միասնականությունն ու ազգայնականությունը` պանարաբիզմը, միշտ էլ սպառնալիք են հանդիսացել հրեական պետության գոյությանը և պաղեստինյան հարցի լուծմանը Թել Ավիվի սցենարով։
Տարածաշրջանային տերությունները` Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իրան, սկսելու են աջակցել իրենց կրոնակից, ազգակիցներին` proxy պետություններին՝ ազդեցության գոտիներ ստեղծելով՝ ի դեմս թուրքմենների, սուննիական ցեղերի, շիաների` ալևիների և այլն։
Պետությունների կազմաքանդումն իր հետ բերելու է նաև ուժերի բալանսի խախտում: ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Իրանը կարող է օգտվել արաբական առանցքի երկրների կազմաքանդումից և ստեղծել «շիայական աշխարհ»: Իրանից այն ձգվելու է դեպի Աֆղանստան, Մահրիբ, Լիբանան և Սիրիա, բացի այդ՝ Եմեն, Բահրեյն, Սաուդյան Արաբիա` ի դեմս տեղի շիայական համայնքների։