Որոշ ժամանակ առաջ գրառումներիցս մեկում նշել էի, որ Իրան-Արևմուտք հարաբերություններն այդքան էլ միանշանակ չեն, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է միջուկային համաձայնությանը։
Միջուկային համաձայնության դեպքում Արևմուտքի տեսակետներում նկատվում է հստակ երկփեղկում ԱՄՆ-ի և Եվրամիության միջև։ Եթե ԱՄՆ-ն ակնհայտորեն դեմ է միջուկային համաձայնության ներկայիս ձևաչափին, ամեն ինչ անում է այն փոխելու կամ ընդհանրապես չեղարկելու և կամ դրա մեջ ներառելու նաև հրթիռային ծրագրերն ու հիմնականում ձախողվում է, ապա Հին աշխարհամասում պատկերը բոլորովին այլ է։
Հոկտեմբերի 13-ին ԻԻՀ նախագահ Հ․Ռուհանին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆ․Մակրոնի հետ, որի ընթացքում շեշտել է, որ միջուկային համաձայնությունը քննարկման ենթակա չէ։ Ի պատասխան Հ․Ռուհանիի պնդումներին՝ Ֆ․ Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան և Եվրամիությունն ամբողջովին պաշտպանում և ընդունում են միջուկային համաձայնության ներկայիս ձևաչափը և պատրաստ են Իրանի հետ բոլոր ոլորտներում շարունակել համագործակցությունը, իսկ եղածներն էլ՝ խորացնել։
Միջուկային համաձայնության մասին գրեթե նույնատիպ բովանդակությամբ ձակերպումներ է արել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆ․ Մոգերինին՝ հաստատելով Ֆրանսիայի նախագահի խոսքերը։
Փաստորեն, ևս մեկ անգամ կարող ենք նշել, որ Իրանն իր հետևողական և գրագետ քայլերով կարողացավ միջուկային համաձայնության հարցում Արևմուտքի տեսակետներում և գործողություններում տարաձայնություններ առաջացնել՝ դասագրքային կերպով իրացնելով «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը։