Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է, որ խստորեն կպատժի այն մարդկանց, ովքեր կփորձեն ծառայության ընթացքում զինվորին պարտադրել աղոթել։ Սա լավ է ոչ թե այն առումով, որ բանակում առավոտից իրիկուն, ինչպես ընդունված է ասել, «տերտերներն ընկած են զինվորի հետևից ու ստիպում են աղոթել», այլ գլխավորապես լավ է երևույթի ընկալման առումով։ Իհարկե, հենց էդպես ոչ մեկ չի ստիպում աղոթել, սակայն, օրինակ, կարող են լինել զորամասեր, որտեղ բառացի չասվի, բայց ստեղծվի այնպիսի մթոլորտ, որ աղոթելը դառնա առօրյայի պարտադիր ատրիբուդ։ Բանակում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր գուցե հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեն կամ, առհասարակ, ազգությամբ հայ չեն, և նրանց աղոթել ստիպելն, իհարկե, ճիշտ չէ։ Ակամայից հիշում եմ իմ ծառայության տարիները, մենք վաշտում ունեինք ազգությամբ ռուս մի զինվոր, ով մալականների հայտնի Ֆիոլետովո գյուղից էր։ Մալականների կրոնը, ինչպես գիտեք, թույլ չի տալիս զենք վերցնել, և բավականին երկար ժամանակ մեր հրամանատարությունը փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի այս տղան զենք բռնի ու ընդունի զինվորական երդում։ Երկար ժամանակ նա զենք չէր բռնում, և չեմ կարող ասել՝ այդ հարցն ինչպես հանգուցալուծվեց՝ ի վերջո, ընդունեց երդում, թե ոչ։ Սա շատ վառ օրինակ է, որ չպետք է բռնանալ մարդու վրա ու ստիպել նրան զենք բռնել կամ աղոթել կամ նման մի բան։ Ի վերջո, Հայաստանի հասարակության առավելություններից մեկն էլ այն է, որ տոլերանտ է ազգային, կրոնական, էթնիկ փոքրամասնությունների հանդեպ։ Այնպես որ, խնդիրը ոչ թե բառացի ստիպելն է, այլ՝ այնպիսի մթնոլորտի ապահովումը, որ գոնե այդ առումով զինվորները որևէ կաշկանդվածություն չունենան, և մատուռ գնալը, աղոթելը լինեն սոսկ հոգևոր, սեփական ներդաշնակության ապահովման միջոց միայն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: