ՀԱՊԿ արագ արձագանքման 20 հազարանոց զորամիավորումը պատրաստ կլինի ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե նման որոշում կայացնի կազմակերպության բարձրագույն մարմինը՝ խորհուրդը․երկու օր առաջ Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
Սա մոտավորապես նման է այն հայտարարությանը, որը մի քանի ամիս առաջ արել էր այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, երբ Ադրբեջանը Տավուշի հետ Հայաստանի սահմանին դիվերսիա էր սանձազերծել, որի հետևանքով երեք զինծառայող էր զոհվել հայկական կողմից։ Նա ասել էր, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից կարող է օգնություն ակնկալել այն ժամանակ, եթե դիմի այդ հարցով, որովհետև իրադարձությունը տեղի էր ունեցել ոչ թե ԼՂՀ, այլ հայ-ադրբեջանական սահմանին։ ՀԱՊԿ գործառույթները, ինչպես գիտենք, տարածվում են բացառապես անդամ-պետությունների վրա, այլ կերպ ասած՝ եթե ինչ-որ իքս փուլում պատերազմը թևակոխի ոչ միայն ԼՂՀ, այլև Հայաստան, ապա հայ-ռուսական 20 հազարանոց զորամիավորումը կարող է դրան արձագանքել։ Սա կարծես թե պետք է, որ տրամաբանական լինի վերլուծական շրջանակների համար, սակայն կա մի շատ հետաքրքիր, էական բան։ Հայաստանը եթե դիմում է ՀԱՊԿ-ին, ապա դա, ըստ տրամաբանության, անում է այն ժամանակ, երբ, փաստացի, այլևս անկարող է ապահովել ԼՂՀ անվտանգությունը, ու վտանգն արդեն մոտեցած է լինում բուն Հայաստանի սահմաններին, ու վերջինս դիմում է ռուս-հայկական զորամիավորմանը, որը ստեղծված իրավիճակում առավելագույնը, որ կարող է անել, պարզապես Ադրբեջանի կողմից Հայաստանի կապիտուլացիան կասեցնելն է։ Նման բանի, անկեղծ ասած, երևի թե չեն հավատում նույնիսկ Ադրբեջանում, մանավանդ Ապրիլյան քառօրյայից հետո տեղի ուենցածից հետո, երբ ԼՂՀ պաշտպանական զորքերը քառօրյա պատերազմում հետ մղեցին Ադրբեջանի՝ մի քանի անգամ գերազանցող զորամիավորումների հարձակումները։ Ավելին՝ Ռուսաստանում կնքված նոր զինադադարի շնորհիվ դադարեցին ռազմական գործողությունները դեռ այն ժամանակ, երբ հայկական զինված ուժերը պատրաստվում էին հակահարված տալ հակառակորդին ու մի քանի կիլոմետր խորանալ Ադրբեջանի դիրքեր։ Հետևաբար հարց է առաջանում՝ ի վերջո, ինչի՞ համար է պետք այդ զորախումբը, եթե հայ-թուրքական սահմանն առանց այն էլ ռուսական զորքերն են պահպանում։ Մի՞թե քննարկվում է այն հարցը, որ ինչ-որ իքս պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և ասենք, Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան նույնպես փորձի ռազմական ակտիվ գործողություններ իրականացնել արդեն հայ-թուրքական անմիջական սահմանին։ Այստեղ արդեն խնդիրը ոչ թե հայ-թուրքականն է, այլ՝ ռուս-թուրքական, որովհետև, փաստացի, ռուսների դեմ է այդ ենթադրյալ միջամտությունը։ Սա ընդամենը դատողություն է, որը, սակայն, աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում միգուցե ինչ-որ պահի իրականություն դառնա, Աստված մի արասցե, իհարկե, որովհետև ոչինչ չի կարելի այս պահին երաշխավորել։