Հիսուսն իսկույն ստիպեց իր աշակերտներին, որ նավակ մտնեն և իրենից առաջ գնան Բեթսայիդա, լճի հանդիպակաց կողմը, մինչև որ ինքն արձակի ժողովրդին։ Ժողովրդին հրաժեշտ տալուց հետո Հիսուսը լեռը բարձրացավ՝ աղոթելու։ Երբ երեկո եղավ, նավակը լճի մեջտեղում էր, իսկ Հիսուսն առանձին՝ ցամաքի վրա։ Նա տեսավ, որ աշակերտները նավակը վարելու մեծ դժվարություն էին կրում, որովհետև քամին նրանց դիմացից էր փչում։ Առավոտյան ժամը չորսի մոտ էր, երբ նա, քայլելով ջրի վրայով, եկավ նրանց մոտ և ուզում էր նրանցից առաջ անցնել։ Աշակերտները երբ տեսան, որ նա քայլում է ջրի վրայով, կարծեցին, թե մի ուրվական է, և սկսեցին գոռալ։ Արդարև, բոլորն էլ նրան տեսան և շատ վախեցան։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց.
-Քա՛ջ եղեք, ես եմ, մի՛ վախեցեք։
Ապա նա նավակ բարձրացավ՝ նրանց մոտ, և քամին դադարեց։ Աշակերտները առավել ևս ապշեցին և շատ զարմացան։ Նրանք արդեն իսկ չէին հասկացել հացի հրաշքի իմաստը, իսկ այժմ էլ նրանց միտքը փակված էր։
Ապա լճի դիմացի կողմն անցնելով՝ եկան Գեննեսարեթ, որտեղ ցամաք ելան։ Դեռ նոր էին նավակից դուրս եկել, երբ տեղի ժողովուրդն իսկույն ճանաչեց Հիսուսին։ Հիսուսն ամբողջ գավառում ուր որ գնում էր, մարդիկ նրա հետևից այս ու այն կողմ էին վազում ու նրա մոտ բերում հիվանդներին՝ իրենց մահիճների մեջ։ Եվ ուր որ մտնում էր՝ գյուղ, քաղաք թե ագարակ, տեղի մարդիկ իրենց հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում նրան, որ գոնե հիվանդներին թույլ տա, որ իր զգեստի քղանցքներին դիպչեն։ Եվ նրանք, որ դիպան, բժշկվեցին։
(Մարկոսի ավետարան 6:45-56)