Panarmenian.net-ը գրում է․

Հայաստանի սարերում աճող խոտաբույսերից պատրաստված «Մաունթի» (Mountea) թեյը սկսել է արտահանվել Ռուսաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել ընկերության հիմնադիր Դավիթ Մնացականյանը:

«Մեր թեյը սկսել ենք Ռուսաստան արտահանել: Ճիշտ է, դեռևս խոսքը փոքր խմբաքանակի մասին է՝ թեյի մոտ 4000 փաթեթ, սակայն, գլխավորն այն է, որ սառույցը շարժվել է, և մենք դանդաղ և վստահ քայլերով առաջ ենք ընթանում: Մեր ապրանքն արդեն վաճառվում է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Սոչիում»,-պարզաբանել է Դավիթը՝ հավելելով, որ հույս ունի մոտ ապագայում էկոլոգիապես մաքուր, սարերում աճող խոտաբույսերից պատրաստված թեյն արտահանել նաև ՌԴ այլ քաղաքներ:

«Մեր նախաձեռնությունը նաև սոցիալական բաղադրիչ ունի. հումքը գնում ենք անմիջապես գյուղերի բնակիչներից, դրանով մասնակիորեն փորձելով օգնել նրանց մարզերում աշխատանքի բացակայության պայմաններում, ինչն, անշուշտ, ավելորդ չէ արտագաղթի ու ոչ բարենպաստ տնտեսական իրավիճակի պայմաններում»,- ասել է գործարարը:

Ըստ նրա, ընկերությունն այժմ թեյի 4 տեսակ է արտադրում՝ ուրցի, դաղձի, ուրցի և դաղձի, սրոհունդի, երիցուկի և ուրցի:

«Շուտով թեյի նոր տեսակներ կհայտնվեն՝ կիտրոնով և թուրինջախոտով: Սակայն սկզբնական շրջանում դրանք կմատուցվեն միայն սրճարաններում: Վստահ կարող եմ ասել, որ հայկական շուկայում մեր ապրանքը մրցունակ է ինչպես որակով, այնպես էլ գնով»,-հավելել է Դավիթը:

Mountea ընկերությունը հիմնվել է 2016-ի սեպտեմբերին, դուրս է եկել հայկական շուկա 2017-ի մարտին: Mountea-ին դեռ չունի հավաստագիր, սակայն առաջարկում է էկոլոգիապես մաքուր արտադրանք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել