45 տարի առաջ Նաիրի շրջանի Եղվարդ գյուղում լույս աշխարհ եկավ բնապահպանության ապագա նախարար Արամիկը: Ծնողները չէին էլ պատկերացնում, որ իրենց չորրորդ երեխան նախ, սիրահարվելով բնությանը, աղավնիներ կպահի, այնուհետեւ բիզնեսմեն կդառնա, իսկ բիզնեսը կայունացնելու համար` կուսակցական (դե, այն ժամանակվա մտածելակերպով` կոմունիստ), իսկ հետո մինիստր, եւ այդպես շարունակ:
Ըստ չինական հորոսկոպի` ոչխարի տարում (1967 թվական) ծնվածների համար բախտագուշակները գուշակում են, որ շատերը «ղուշ»կլինեն, այսինքն` խաղաղասեր, հավանորեն դրանից ելնելով` տարիներ առաջ Արամ Հարությունյանը պարզաբանել էր, թե ինչու են իրեն ՂՈՒՇ կոչում, սակայն, մեր տեղեկություներով, պատճառը մանկության տարիների հոբբին էր աղավնիներ պահելը:
1988-1992թթ. «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար լինելով` կոմսոմոլ Արամն իր փոքրիկ բիզնեսն է սկսում` Եղվարդի տների տանիքներին ալեհավաքներ է տեղադրում: Ու դրանից հետո ՂՈՒՇ-ը դառնում է ԱՆՏԵՆԱ: Այնուհետեւ Արցախյան պատերազմից առաջացած ալիքը, ինչպես շատերին, այնպես էլ Հարությունյանին նետում է դեպի օտար ճամփեքը, եւ քանի որ Ռուսաստանը հայ խոպանչիների ամենասիրված երկիրն էր, Արամը բռնում է այս երկրի ճամփան, եւ այնտեղ նրա աստղը փայլում է: «Բնության թիվ մեկ պաշտպանի» կենսագրությունից երեւում է, որ Արցախյան պատերազմի տարիներին նա բացակայել է հայրենիքից, վերադարձել է 1994-ին Բիշքեկում կնքված հրադադարի համաձայնագրից հետո եւ հայրենի Եղվարդում մորեղբոր օգնությամբ նշանակվել՝ նախ «Հայինկոմսպասարկում» ՊՁ-ի տնօրեն (1994-1996թթ), այնուհետեւ` «Հայպտուղարտ» ՊՁ-ի տնօրեն (1996-1999թթ): Ըստ ասեկոսեների` այդ տարիներին Արամի մորեղբայրը (անունը անհայտ է), որը Հայաստանում ունենում է մի քանի բիզնեսներ, դրանք գրանցած է լինում ներկայիս նախարարի անունով, հետո նրան ժառանգում իր ողջ կարողությունը: Ասում են` հենց այդ կարողության վաճառքից հետո Արամ Հարությունյանը` մեծ գումար ձեռքին, մտնում է քաղաքականություն:
ՌԴ, բիզնես, փող, շատ փող... Երբ Արամը դեռ չգիտեր «Օրինաց Երկիր» կուսակցության մասին, նա Եղվարդում բենզալցակայան, հետո` գազալցակայան է բացում, եւ այդ ժամանակահատվածում ընկերները նրան սկսում են անվանել «Բենզին Արամ»:
«Օրինաց երկիր» կուսակցություն... Այս անունը լսելով` Արամը որոշում է իր ֆինանսական կարողությունները ներդնել վերոհիշյալ կուսակցության մեջ եւ գնել այդքան փափագած պատգամավորական մանդատն ու 1999 թվականին անցնել 3-րդ գումարման ԱԺ, դառնալ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Նրան բախտ է վիճակվում 2003թ. մայիսից եւս մեկ անգամ փափուկ տեղավորվել պատգամավորական աթոռին, եւ այդ գումարման ԱԺ-ում նրան է վստահվում ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամությունը:
Փող, շատ փող, եւ կդառնաք նախարար: Մտածելով այս մասին` Արամը որոշ գործարքների է գնում եւ 2004 թվականից զբաղեցնում ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը: Ընդ որում` երբ անհայտ անուն-ազգանունով անձնավորությունը նշանակվեց քաղաքաշինության նախարար, հեռուստաընկերություններից մեկը հարցախույզ կատարեց ԱԺ միջանցքներում, եւ պարզվեց, որ ոչ ոք չի ճանաչում նրան. միակ պատասխանն էր. «Էդ, ո՞վ աաաա»:
Հեռուստալրագրողի հարցին ի պատասխան, թե Ա. Հարությունյանը ծանոթ է քաղաքաշինության ոլորտին վերջինս նշեց. «Ես մի քանի անգամ մասնակցել եմ իմ ընկերների ԲՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ, էնպես որ...` շատ լավ տեղյակ եմ այդ ոլորտից»:
Սակայն քաղշին նախարար Հարությունյանը ոչ միայն «ծաղկեցրեց» համապատասխան ոլորտը, այլ, բառի բուն իմաստով, ծաղկեցրեց իրեն եւ իր մերձավորներին: Նա լուծարեց ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական փորձաքննության ստորաբաժանումը, որի տված եզրակացություների հիման վրա էին կառուցվում ՀՀ կարեւորագույն օբյեկտները, եւ այն վերաբացեց` որպես մասնավոր ընկերություն, եւ այլն: Մինչ օրս էլ այդ հիմնարկը լավ գումարներ է մուտքագրում Հարությունյանի բյուջե, քանի որ յուրաքանչյուր շինարար կարող է կլորիկ գումարի դիմաց միանգամից քաղաքաշինական փորձագիտական եզրակացություն ստանալ եւ կառուցել իր ցանկացած օբյեկտը` թեկուզ բնության հատուկ պահպանվող տարածքում:
Քաղաքաշինության նախարար Հարությունյանը այս պաշտոնում մնաց մինչեւ 2007թվականը, քանի որ հարազատ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիոն կառավարությունից եւ դարձավ «ընդդիմություն», իսկ Հարությունյանը, թացը չորից լավ տարբերելով, միանգամից դավաճանեց օրինաց կուսակցականներին` դարձավ Հանրապետականի գաղափարակիր եւ, դարձյալ լավ գումար վճարելով, զբաղեցրեց բնապահպանության նախարարի աթոռը, քանի որ արդեն նոր կոալիցիայում քաղաքաշինության նախարարի պաշտոնը փոխանցվել էր ԲՀԿ-ին: Նորից ծագեց արեւը` այս անգամ արդեն բնապահպանության նախարար դարձած Արամ Հարությունյանի համար, չէ՞ որ բնապահպանության ոլորտը այն ոլորտներից էր, որ կարելի էր լավ գումար դիզել` հանքերի, Սեւանի, ջրերի, կենսաբազմազանության, ինչու չէ , նաեւ որսորդության հաշվին: Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս նախորդ պաշտոնավարության ժամանակ նախարար Հարությունյանը նշել էր իր կենսագրականում, որ սիրած զբաղմունքը, բացի սպորտից, նաեւ որսն է:
Ի միջի այլոց, հենց այդ ժամանակ պարզվեց, որ Հարությունյանը նաեւ սպորտով է զբաղվում, իսկ թե ինչո՞ւ նրա մականուններին ավելացավ եւս մեկը` ԲՈւԼԿԻ-ն, անգամ նախարար Հարությունյանը չի կարողանում բացատրել, սակայն, պատճառը հենց, նրա տեսքն էր: Մականունից խուսափելու համար Հարությունյանը սկսեց այցելել յոգայի դասընթացների, որի արդյունքում փոքր-ինչ նիհարեց, եւ արդյունքում` «Բուլկին» փոխարիվեց «Պեռաշկի»-ով:
Բոլորին հայտնի են Արամ Հարությունյանի «սխրագործությունները»` հանուն հայրենի բնության պաշտպանության, նաեւ փաստ է, որ այս տարիններին նա այդպես էլ աչքի չընկավ բնությունն ու շրջակա միջավայրը պահպանելու ջանասիրությամբ եւ հասարակության կողմից չընկալվեց որպես այդպիսին, ինչի հետեւանքով էլ մի շարք բնապահպանական քաղաքացիական նախաձեռնություններ ակտիվացան:
Մինչդեռ նախարարն իր հիմնական պարտականությունը թողած զբաղվում է շինարարական եւ ռեստորանային, նաեւ գիշերային ակումբի բիզնեսով, ավազի հանք է շահագործում, իսկ Երեւանի հենց կենտրոնում (Հանրապետության հրապարակի մոտակայքում) ինչպես նաեւ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում ունի հսկայական սեփական տարածքներ: Վերջին տարիններին նաեւ տնօրինում է Սեւան բաց թողնված մանրաձկան բիզնեսը:
Բնապահպանության նախարար եղած ժամանակ Հարությունյանը հասցրել է եռահարկ տուն կառուցել Երեւանի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում, ըստ որոշ խոսակցությունների` հասցրել է առանձնատուն է ձեռք բերել Իսպանիայում, որը կառուցված է հայկական տուֆից, եւ որի արժեք, ասում են, մոտ 150 մլն դոլար է:
Հարությունյանի կենսագրությունում նշված պետական պարգեւների թվում նա առանձնացրել է «Անանիա Շիրակացու» (2006թ) եւ Սյունյաց Արծիվներ (2009թ.) ոսկե մեդալները: Խրախուսանքներից ամենաարտառոցը 1987թվականին ստացած «Լավագույն զինվորական ծառայության 2-րդ աստիճանի մեդալ»-ն է, թե ինչի՞ համար է այն ստացել նախարար Հարությունյանը, հայտնի չէ: Սակայն 2009-ին նա խրախուսվել է նաեւ «Մայրական երախտագիտություն», 2011թ-ին` «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական եւ անցած տարի ՀՀ զինված ուժերի «Զինանշան» մեդալներով եւ հուշամեդալով:
Արդեն 10 տարի նախարար կոչվելով` նա այդպես էլ նախարար չդարձավ, քանի որ, որպես պետպաշտոնյա, չհասկացավ, որ պետական գերատեսչությունը չեն աշխատեցնում համերկրացիներով (զեմլյակներով), բարեկամներով կամ մանկության ու դպրոցական ընկերներով: Բնապահպանության նախարարությունում անգամ ծիծաղելով նշում են, որ նախարարությունը դարձել է Made in Yeghvard, քանի որ նախարարության գրեթե 70 տոկոսը կամ եղվարդցի է, կամ էլ եղվարդցիների թոռներ ու ծոռներ են:
Եկավ, տեսավ, քանդեց, իսկ հետո կհեռանա: