Հայաստանում, ինչպես գիտեք, դավադրությունը ոչ միայն շատ վաղուց առասպելական ժանր չէ, այլ շատ վաղուց կենցաղի անբաժան մաս է դարձել, ընդ որում՝ դա արտահայտվում է գրեթե ամեն ոլորտում՝ սկսած անձնական կյանքից, վերջացրած քաղաքականությամբ։ Սպորտում նույնպես դա շատ վառ է արտահայտվում, և դրանում կարելի էր համոզվել հատկապես երեկ տեղի ունեցած Հայաստան-Լեհաստան խաղի ընթացքում։ Հայաստանի հավաքականը գտնվում է բարոյական ու հոգեբանական ակնհայտ ճգնաժամի մեջ. երեկվա խաղը դեռ չսկսած՝ հայտնվեց պարտվողի դերում, դա էլ դեռ քիչ չէ, սեփական երկրպագուները խաղի կեսից սկսեցին սուլել յուրայիններին։ Լեհաստանն, իհարկե, այսօր մի գլուխ ուժեղ է Հայաստանի հավաքականից, նրա կազմում խաղում է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը, եթե ոչ լավագույնը՝ Մյունխենի Բավարիայի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին, սակայն մի՞թե դա կարող է արդարացնել այն, որ հանդիպման սկզբից մինչև վերջ մեր հավաքականը պարզապես չէր խաղում, չէր վազում։ Սրա մեջ իսկապես միտում կա։ Չի կարող միտում չլինել, որովհետև եթե մինչև հիմա հաջողվում է թիմի ներսում պահել այդ անառողջ մթոնոլորտը, ապա այսպես շարունակելու դեպքում այն կարող է պայթել։ Իսկ ինչո՞ւ չէր խաղում Հայաստանի հավաքականը։ Որովհետև թիմը վաղուց կորցրել է մոտիվացիան, թիմի պարտությունը կարող է շատ ծանր ազդեցություն ունենալ ֆուտբոլիստների վրա։ ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն աչքի չի ընկնում իր հումանիստական մոտեցումներով, ու հիշում եմ, Մակեդոնիայի դեմ խաղից հետո «Ալաշկերտի» պաշտպան Արարատ Առաքելյանը դադարեց խաղալ ազգային հավաքականում, որովհետև վերջին պահին ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։ Դրանից հետո այս ֆուտբոլիստի առաջ հավաքականի դռները փակ են։ Մի՞թե կարելի էր նման օրի հասցնել ֆուտբոլիստին։ Բոլորս էլ սխալվում ենք։ Այդպես չի կարելի։ Տարվա սկզբին նա հայտարարել էր, որ եթե հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ չմտնի, ինքը հրաժարական է տալու։ Արդեն պարզ է, որ Հայաստանը դուրս է մնացել այդ պայքարից ու չի մասնակցի Ռուսաստանում տեղի ունեցող առաջնությանը։ Հայրապետյանը լռում է։ Ֆուտբոլիստներն էլ կարծես թե իրենց հանդեպ այս կամայական վերաբերմունքն այլևս հանուրժել չեն կարողանում։ Նրանք գուցե հենց խաղի տեսքով են արտահայտում իրենց դեմարշը հավաքականում։ Որոշ ֆուտբոլիստներ, օրինակ՝ առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ենթադրվում է, որ համարվում են հավաքականում Հայրապետյանի ամենաուժեղ հենասյունը։ Բոլորը Հենոյից պահանջում են լավ խաղ ու արդյունք, չհրավիրվածների փոխարեն պարզաբանում տվող և այլն։ Հենոն այդ դերին կարծես թե չի հարմարվում կամ էլ չի ուզում հարմարվել։ Հավաքական գալն էլ այս մարդու մոտ գնալով դառնում է գլխացավանք, որովհետև հավաքականում խաղալը նախ՝ պատիվ պիտի լինի, հետո՝ հաճույք։ Հիմա ո՛չ այն է, ո՛չ էլ մյուսը։ Հավաքականում խաղալը Մանչեսթերի առաջատարի համար պարզապես տառապանք է։ Պատահական չէ, որ խաղից հետո լեհ երկրպագուները նշում էին, որ Հայաստանը լավ թիմ է, սակայն այսօր բախտները չբերեց։ Սա, իհարկե, ասում էին քթի տակ ծիծաղելով, որովհետև բախտդ կարող է չբերել մեկ կամ երկու անգամ, սակայն ոչ անընդհատ։ Այդպես չի լինում։ Նրանք տոնում էին իրենց թիմի հաղթանակը, մենք էլ բավարարվում ենք նրանով, որ, դե, հիմա այսպես ստացվեց, հաջորդ անգամ գուցե հաջողենք։
Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ։ Այս մարդը վերջնական սպառել է իրեն։ Սպառել է ոչ թե նրա համար, որ ինքը Նեմեց Ռուբոն է, այլ պարզապես նրա համար, որ այդ պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից։ Հայաստանի հավաքականն ունեցել է հաջողություններ, և դրանում մեծ է Ռուբեն Հայրապետյանի ներդրումը։ Սակայն 20 տարվա ընթացքում հավաքականը, մեծ հաշվով, ձախողել է, չի մասնակցել ո՛չ աշխարհի, ո՛չ Եվրոպայի եզրափակիչ առաջնություններին։ Այո, միգուցե թույլ է հավաքականը և դեռ չի ձգում այդ փուլին մասնակցելու համար, սակայն այդ նշաձողը սահմանել ենք ոչ թե մենք, այլ հենց ֆեդերացիայի նախագահը։ Եվ եթե չես հաջողում տարիներ շարունակ, ուրեմն՝ պիտի հեռանաս։ Սա է միակ ճանապարհը։ Կա՛մ ամեն նախընտրական սեզոնին ընդառաջ պիտի ասես, որ, սիրելի ժողովուրդ, մենք դեռ թույլ ենք ու ի վիճակի չենք մասնակցել եզրափակիչ փուլերի, կա՛մ էլ պիտի ասես՝ կարող ենք, ու հասնես այդ նպատակին։ Չի կարելի անընդհատ խաբել, անընդհատ հույս տալ մարդկանց ու արդյունքում այսպիսի պատկեր ունենալ։ Սա անթույլատրելի է։