Համացանցը դարձյալ խոսում է գյումրեցիների մասին․ հազարավոր լայքեր, շնորհավորանքներ, հիացական խոսքեր ու ոգևորող մեկնաբանություններ՝ մեդիա դաշտի օնլայն տիրույթում։ «Ты супер! Танцы» միջազգային մրցույթում օրերս փայլուն ելույթ ունեցան Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան երկու սաները՝ 16-ամյա Աստղիկ Մխիթարյանն ու 17-ամյա Դավիթ Այվազյանը։
Ժյուրիի անդամները, դահլիճն ու հեռուստադիտողը կրքի ու քնքշության համադրումից հիացան, գնահատեցին, ու հայկական ոգով պարուրված շալախոն մերոնց օգնեց հաղթահարել առաջին փուլի արգելքը։
Ամենաանհանգիստն ու էկրանի առջև դեռ ժամեր առաջ գամվածը, սակայն, ո՛չ Աստղիկի ու Դավիթի ընկերներն էին, ո՛չ էլ նրանց երկրպագուները, այլ՝ պարուսույց Սենիկ Խուբեսարյանը։
Թեև գիտեր՝ ում է ուղարկել մրցույթի, բայց պատասխանատվության զգացումը խանգարել էր լիցքաթափվել․ երկիր ներկայացնելը պատիվ է, Գյումրու անունը պատվով ներկայացնելը՝ պատասխանատվություն։ Ասում է՝ Աստծուց առաջ ընկնել չի ուզում, բայց սիրտն է վկայում՝ երկրորդ փուլն էլ կանցնեն մերոնք։ Յոթ տարեկանից Դավիթին, տասը տարեկանից Աստղիկին է դասավանդում․ սխալվելու հավանականությունը քիչ է, վստահությունը տարիների հաստատում ունի։
Հաջորդ փուլի ժամանակ Դավիթն ու Աստղիկը կոնտեմպ կպարեն․ բեմադրությունը նոր է, ժամանակակից, բարդ, բայց և հաղթահարելի։ Սենիկ Խուբեսարյանը հավատում է սաներին ու սպասում հերթական փայլուն ելույթին։ Առաջին փուլի ելույթից անմիջապես հետո ոգևորության պահին են խոստացել կրկնել հաջողությունն ու ամեն ինչ անել՝ հերթական հաղթանակի համար։ Օրը երեք ժամ փորձասենյակում են, և ոչ մի դժգոհություն։ Պարուսույցին խոստովանել են՝ Գյումրու ու գյումրեցիների հավատն արդարացնելու համար պատրաստ են ամեն ինչի, գիտեն՝ հաղթողների քաղաք միայն հաղթանակով է պետք վերադառնալ։



