Շատ է խոսվում Հայսատանում սեքսուալ հեղափոխության մասին: Ոմանք ասում են՝ այն արդեն եղել է, ոմանք ասում են, որ ոչ: Շատերն ասում են, որ մեզ մոտ ոչ թե ռևոլյուզիա է, այլ սեքսուալ էվոլյուցիա, որ սեռական հարցերում աստվածաշնչյան կանոնների պահպանումը փուլ առ փուլ է մեզ մոտ մերժվում: Ես հակառակ կարծիքին եմ:
Իհարկե, սեքսուալ տաբուներ ստեղծող մեխանիզմների բացակայության, պետական համապատասխան պռոպագանդայի բացակայության և ազատ բարքերի ամրապնդմանը զուգընթաց օրինաչափ է, որ սեքսուալ հեղափոխություն լինի, քանզի պարարտ հող դրա համար դե ֆակտո կա: Եթե ինչ-որ բան առաջ արգելում էիր, ապա դադարում ես օրենքով արգելել, սկզբնական շրջանում ավանդույթի ուժով այդ բանը չի արվում, ապա աստիճանաբար կոտրվում են կարծրատիպերը, ու դատարկ տարածությունը գրավվում է: Եթե ազատ սեռական կյանքը ու դրա հետ փոխկապակցված մյուս բաները չենք արգելում օրենքով կամ պրոպագանդայով, պարզից էլ պարզ է, որ մարդիկ դա պետք է անեն: Մենք սեքսուալ մտածելակերպի առումով որոշակի անցումային փուլում ենք: Ավանդապաշտները հասարակությունում իրենց ամուր տեղն են գրավում, և դրա հետ մեկտեղ կա նոր սերունդ, որը այնքան է սովորել փաբերին ու ակումբներին, որ սեքսով չսզբաղվելը կոկտեյլ կամ գարեջուր չխմելու պես մի բան է դարձել:
Սեքս բոլորն են ուզում, դա բնական է: Տղաները մի քիչ շատ ու միշտ, աղջիկները ավեի քիչ ու երբեմն: Առաջներում ամուսնության ստորին շեմը բավականին ցածր էր՝ 14, 15 կամ 18 տարեկան, հիմա տղաներինը միջինում 31 է, իսկ աղջիկներինը 26 է: Սա իհարկե սոցիալական պայմաններով պայմանավորված մի բան է, բայց կարևոր է: Երիտասարդը ցանկանում է սեքս անել, բայց ամուսնացած չէ ու չի անում, ինչ է թե հասարակությունը ազատ սեռական հարաբերությւոնները մերժում է: Նրա բնական պահանջները աստիճանաբար հաղթում են հասարակական կարծատիպերին ու ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հարմար պահի կատարվում է բաղձալի սեռական ակտը: Սկզբում հույսով, որ ամուսնությունից առաջ համապատասխան պատռված թաղանթը կկարի, հետո դա էլ չի անում, որովհետև հասարակությունը փոխվում է:
Եթե վերջին տարիներին մեզ մոտ էվոլյուցիա էր, ու պրոցեսը դանդաղ էր ընթանում, ապա վերջին ամիսներին մեր լրատվամիջոցները դրան խայտառակ տեմպ հաղորդեցին: Իրենց այցելությունների հետևից ընկած՝ լրատվամիջոցների փողկապավոր խմբագրերը ողջ սեքսուալ հանրագիտարանը հանրային սարքեցին ու օրական մի քանի տասնյակ հոդվածներ են մատուցում սեքսի, կուսության, հաճույքի ու այլնի մասին: Եթե սկզբում տաբուներից նոր էինք դուրս գալիս, ու շատ աղջիկներ ու տղաներ ամոթով էին նման բաներ կարդում ու աշխարհայացքի վերարժևորում կատարում իրենց մեջ, ապա հիմա ամենն այնքան է շատացել ու այնքան է հասանելի ու շատ դարձել, որ սեքս անելը մեր քույրերի աչքին դարձել է շատ նորմալ բան: Ազատ սեքսի պրոպագանդան լրատվամիջոցներն այնպիսի թափով են անում, որ դա չուզելը անհնար է: Մարդիկ նույնիսկ հեռուստացույցով գովազդվող անպետք միրիքլ բլեյդներն ու ծյոռկաներն են առնում այդքան գովազդից հետո, իսկ սեքսի նման քաղցր բանը այդքան գովազդելուց հետո չուզելը տարօրինակ կլիներ:
Ու ինքներս էլ չենք նկատում, թե ինչպես ենք փոխվում, ինչպես է մեր ու մեր քույրերի մտածելակերպը փոխվում: Բացում ես Ֆեյսբուքդ ու պատդ անմիջապես սեքսի մասին նյութերով է լցվում: Ո՞վ քեզ պետք է արգելի՝ կարդաս: Բա ֆեյսբուքյան գովազդները…
Մեր փոքր ժամանակ սեքսի մասին նյութ կարդալու համար մի կերպ ժուռնալներ էինք հայթայթում, փակվում սենյակում կամ կառավաթի տակ մտնում, նոր թաքուն կարդում: Հիմա բացում ես ինտերնետն, ու սեքսը քո աչքերի առաջ է: Ու հետո թող այդ կայքերի խմբագրերը չբողոքեն, որ իրենց չամուսնացած քույրերը կույս չեն ու, որ կույս աղջիկ չեն գտնում: Դրանում միայն իրենք են մեղավոր:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/andre.kalyan/posts/434474299978278
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել