Հայաստանում սեռական խանգարումների տարածվածության վերաբերյալ վիճակագրական ստույգ տվյալներ դեռեւս չկան: Վերլուծելով ներկա իրավիճակը՝ կարելի է ասել, որ այցելուների ընդհանուր թիվը կրկնակի աճել է: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ ՎՐԵժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ`խոսելով կանանց սեռական խանգարումների մասին:
«Ըստ մեր կլինիկա դիմողների՝ կարելի է եզրակացնել, որ այցելուների մոտավորապես 25%-ը կանայք են, 25%-ը՝ ամուսնական զույգեր, 50%-ը՝ տղամարդիկ: Կանանց կողմից ամենահաճախ ներկայացվող սեռական գանգատը օրգազմի խանգարումն է: Այնուհետև սեռական բավարարման բացակայութունը, սեռական ցանկության նվազումը, ցավը սեռական հարաբերությունների ժամանակ, սեքսուալ ֆոբիաները և այլն»:
Մասնագետը նշեց. «Անօրգազմիայի պատճառներից են սեռական դաստիարակության կոպիտ սխալները, ընտանեկան հակասեքսուալ մթնոլորտը: Կանանց անօրգազմիայի պատճառ կարող է լինել նաև այն, որ շատ տղամարդիկ հոգում են միայն իրենց հաճույքի մասին և նույնիսկ չեն էլ աշխատում բավարարել կանանց: Կնոջ օրգազմին կարող է խանգարել նաև տղամարդու կոպիտ վերաբերմունքը: Կինը մեքենա չէ, նա պիտի հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ լինի սեռական հարաբերությանը, հակառակ դեպքում սեռական ակտը նրա համար կլինի տհաճ և ցավոտ: Տղամարդը պետք է անպայման նախապատրաստի կնոջը, հատկապես եթե դա կնոջ առաջին փորձն է: Ցանկացած կնոջը հաճելի է իմանալ, որ իր տղամարդու համար նա սիրելի ու ցանկալի է, այդ պատճառով տղամարդու կողմից փաղաքշանքներն ու հաճոյախոսությունները երբեք ավելորդ չեն լինի»:
«Զարուհու» հարցին, թե արդյո՞ք մասնագետի ասվածը ենթադրում է, թե հայ տղամարդը, մեղմ ասած, «բռի» է սեքսուալ հարցերում, Վ.Շահրամանյանը բացասական պատասխան տվեց. «Ես չեմ ցանկանում մեղադրել հայ տղամարդկանց, պարզապես մասնագիտական փորձը վկայում է, որ շատ դեպքերում սեքսոպաթոլոգներին դիմում են կանայք, որոնց ամուսինները այնքան էլ շռայլ չեն ուշադրության, ջերմության հարցերում: Քիչ չեն դեպքերը, երբ հայ տղամարդիկ սեռական հարցերում բավական էգոիստ են, հաճախ մտածում են միմիայն իրենց սեռական «Ես»-ը բավարարելու մասին, ինչն արդյունքում հանգեցնում է «անկողնային» խնդիրների, այսինքն՝ այս դեպքում ցանկալի է, որ մեր հարգարժան տղամարդիկ լինեն ավելի ուշադիր ու ջերմ իրենց կանանց նկատմամբ: Եվ հակառակը՝ հուրախություն մեզ, պատահում են հոգատար ամուսիններ, որոնք պարտադրում են կնոջը այցելել բժշկի, եթե նկատում են խնդիր, ինչը միմիայն ողջունելի է»:



