«Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե մտացածին են իր և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հակասության մասին տեղեկությունները, որ հրապարակվում են մամուլում: Նա ասել է, որ խոսքի ազատությունը հարգում է, սակայն մտադիր չէ մեկնաբանել ֆանտազիաները: Ֆանտազիա՞ է արդյոք պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի միջև հակասությունը: Մի բանում, իհարկե, Վիգեն Սարգսյանն իրավացի է, որ այդօրինակ հակասությունների մասին տեղեկությունները որևէ օգուտ չեն բերում բանակին, և հաշվի առնելով այն, որ վերաբերում են այդ նուրբ ոլորտին, նույնիսկ վտանգավոր են:
 
Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը միայն տեղեկությունները չեն, որովհետև դրանք կարող են և չհրապարակվել, սակայն առանցքայինն այն է՝ կա՞ հակասություն, թե՞ ոչ, որովհետև եթե այն կա, ապա տեղեկատվական լռությունը, մեծ հաշվով, չի նվազեցնելու վտանգը: Դրան զուգահեռ՝ հիշարժան է այն, որ դեռևս նախորդ նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի միջև հակասության մասին տեղեկությունները պարբերաբար հայտնվում էին մամուլում, ու թեև դրանք հերքվում էին նույն կերպ, այդուհանդերձ ոչ պաշտոնական, կոնֆիդենցիալ մակարդակում ԶՈւ-ին և ՊՆ-ին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ միանգամայն հավաստի ընդունում էին այդ դիմակայության առկայությունը: Ամենևին բացառել պետք չէ, որ ապրիլյան պատերազմում ի հայտ եկած խնդիրներն ու նաև աղաղակող բացթողումները նաև այդ դիմակայության կամ հակասության հետևանք էին: Ի վերջո, այդ կապակցությամբ էլ հրապարակվեցին իրարամերժ տեղեկություններ, մասնավորապես նաև Յուրի Խաչատուրովի հայտնի «բիլիարդային» հակումների մասով
 
Ի վերջո, բանակի բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող անմասն մնալ այն խմորումներին ու վերադասավորումներին, որ ներկայումս տեղի են ունենում իշխանության ամբողջ համակարգում: Հայաստանում փոխադարձ սերտաճածությունն այնքան մեծ է և խորը՝ թե՛ անձնական, թե՛ նույնիսկ բիզնես մակարդակում, որ այլ հարթություններում առկա շահերի բախումը պարզապես կարող է տարածվել նաև ԶՈւ-ի, պաշտպանական ոլորտի վրա: Ըստ այդմ՝ այս դեպքում անձերի մակարդակում լուծումները չեն կարող ունենալ մեծ ու երկարաժամկետ էֆեկտիվություն: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանի պարագայում ներիշխանական, ներհամակարգային խմորումները ոչ միայն չունեն մոտալուտ ավարտ, այլ թերևս նոր-նոր թևակոխում են «որակապես» նոր, ավելի՝ այսպես ասած, դանդաղ, համառ և հետևողական պայքարի փուլ, պաշտպանական ոլորտը այդ իմաստով հայտնվում է դրա ազդեցության տակ ընկնելու առավել մեծ ռիսկի գոտում: Այդ ռիսկն ապահովագրելու առավել արդյունավետ տարբերակը կառուցվածքային, համակարգային լուծումն է, իրավիճակը անձերի կախվածությունից հնարավորինս դուրս բերելը: Այսպես ասած, շահերի բախումը հնարավորինս նվազեցնելը, այն իմաստով, որ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետն, ըստ էության, կիսելու հնարավորինս քիչ բան ունենան, առավել ևս կիսելու քիչ իշխանություն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել