Հայաստանում, օրինակ, մի քանի պետություն կա՝ պետություն հանրապետականների համար, պետություն ընդդիմության համար, պետություն օլիգարխների համար, պետություն եկեղեցու համար և պետություն քրեական հեղինակությունների համար: Այս պետությունները բավականին զարգացած, ժամանակակից, ցպահանջ պետություններ են նորմալ բյուջեով, «խմբակային» դաշինքի սկզբունքով գործող, իրար իրավունքները փոխադարձ ճանաչող և այլն:

Եվ կա պետություն՝ անփող, չկայացած և պրոբլեմներով լի՝ մյուսների համար: Մենք՝ շարքային մահկանացուներս, ապրում ենք այս վերջին պետության մեջ, որովհետև ամեն օր հենց այդ պետության հետ ենք շփվում՝ ուզած, թե չուզած: Ինչպես առաջին պետությունները մեզ չեն տեսնում որպես մարդ ու քաղաքացի (մենք նրանց համար պարզապես գոյություն չունենք), այնպես էլ մեր՝ աղքատ ու տկար պետությունն ապրում է այնպես, կարծես օլիգարխների, կուսակցությունների, եկեղեցու և քրեական հեղինակությունների հետ կապված բոլոր հարցերը լուծվալ են, և դրանց հետ կապված ոչ մի խնդիր չկա:

Բայց զավեշտն այն է, որ, ապրելով տարբեր պետություններում, մենք, միևնույն ժամանակ, ապրում ենք նույն ժամանակում և տարածությունում, և անխուսափելիորեն տեսնում, շփվում, հաղորդակցվում ենք առաջին պետությունների երկնային բնակիչների հետ:

Ռ.Դեկարտը կասեր. «Ով ինչպես մտածում է, այդպես էլ գոյություն ունի»: 
Հիմա ստեղծված իրավիճակում Հայաստանում պարզապես ձեռնտու չէ մտածել (և ապրել) որպես քաղաքացի:

Լուծե՛ք այս խնդիրը, երկրի ապագայի պատասխանատուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել