Մոտենում են Հայոց աշխարհի քաղաքամայր, մեր ամբողջ ազգի սրտի կենտրոն, մեր ազգային դարավոր պատմության և մշակույթի առհավատչյա՝ Էրեբունի-Երևանի ավագանու ընտրությունները: Մեր քաղաքն ավելի հին է, քան Հռոմը, ավելի գեղեցիկ է, քան աշխարհի որևիցե մի քաղաք, մեգապոլիս, որովհետև սա մեր քաղաքն է: Սա միայն երևանցունը չէ, սա համայն հայության քաղաքն է: Եվ ես մտահոգված եմ իմ Երևանի մասին ոչ պակաս, քան յուրաքանչյուր երևանցի: Երևանի ընտրությունները իրավամբ նույնքան կարևոր են, որքան խորհրդարանական կամ նախագահական ընտրությունները: Պաշտոնական տվյալներով՝ Երևանում է կենտրոնացած մեր ամբողջ հայ ազգի կեսից ավելին, և այս առումով այն չի կարող լինել զուտ քաղաքային ընտրություն, ինչպես պնդում են մի շարք հանրապետականներ: Այս ընտրությունները մեծ նշանակություն ունեն մեր ամբողջ հանրապետության քաղաքական կյանքում: Այս ընտրությունները քաղաքական և հետո նոր միայն քաղաքային են: Եվ այս իմաստով այս ընտրությունները նույնպես ապահովագրված չեն զեղծարարություններից և կեղծարարություններից: Անհրաժեշտ է, որպեսզի երևանցին լինի ավելի բանական, ավելի ռացիոնալ, ավելի արժանապատիվ և պատասխանատու ոչ միայն իր, այլև ամբողջ ազգի նկատմամբ: Ես չեմ ուզում անդրադառնալ Տարոն Մարգարյանի գործունեությանը: Իհարկե, առաջընթաց նկատվում է: Չնայած մի շարք թերացումներին և բացթողումներին՝ Երևանը այսօր ավելի գեղեցիկ է, քան երեկ, ավելի լուսավոր է և բարեկարգ, բայց ՍԱ ԼԱՎ ՉԻ, ՍԱ ՆՈՐՄԱԼ Ա: Իսկ եթե հարցին նայենք նաև այլ տեսանկյունից, այն է՝ մարդու, երևանցու իրավունքների պաշտպանվածությանը Երևանում, առկա տնտեսական մրցակցության անհավասարությանը և սրանից բխող բոլոր հետևանքները հիմք են տալիս մեկ անգամ ևս վերանայելու նույն Տարոն Մարգարյանի և նրա վարչախմբի գործունեությանը, և մայիսի 5-ին երևանցին բաց աչքերով և սառը դատողությամբ գնա ընտրություններին և իր ձայնը չտա Հանրապետական Կուսակցությանը, որովհետև նրանք, մեղմ ասած, թերացել են, և դա փաստ է: Այս ընթացքում տեղի ունեցան մի շարք դեպքեր և իրադարձություններ, որոնք հանրապետական քարոզչամեքենան մոռանում է հիշեցնել, բայց մենք ամենևին էլ չենք մոռացել: Իսկ եթե նայենք մի փոքր նաև այլ տեսանկյունից, ուրեմն հարցը ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Գաղտնիք չէ, որ այսօր ՀՀ ամբողջ իշխանությունը բռնագրավված է, զավթված է, և նույն այդ հանրապետականները պետություն ասելով հասկանում են Հանրապետական կուսակցություն: ՀՀ-ում այսօր հաստատված է ավտորիտար ռեժիմ, որը շատ դեպքերում կարելի է անվանել նաև տոտալիտար: Օրենսդիր, գործադիր, դատական իշխանություններ, որոնք պատկանում են մի կուսակցության և որոնք ծառայում են մի նեղ շրջանակի, խմբակային շահերի: Սա նշանակում է իշխանության բռնագրավում, ինչը սահմանադրությամբ խստորեն պատժելի է, իսկ ո՞վ է այսօր սահմանադրությանը բանի տեղ դնում որ: Եվ իհարկե սա է պատճառը, որ մի շարք երիտասարդներ, ցանկանալով այս կյանքում մի ինչ-որ լավ բանի հասնել, գտնել այս կյանքում իրենց արժանի տեղն ու դիրքը (ինչը բնավ շատ գովելի է, և ես նպատակ չունեմ նրանց մեղադրելու), չափից դուրս քաղաքականացվել են, և ոմանք, կորցնելով իրենց առողջ բանականությունը, ամեն տեղ ատամներով պաշտպանում են իրենց հանցավոր վերնախավին, քրեաօլիգարխիկ տարրերին, որոնք էլ այսօր պատճառ են դարձել երկրում ահագնացող արտագաղթին, համատարած գործազրկությանը, ունեզրկմանը՝ ձևավորելով գաղջ մթնոլորտ: Մի՞թե սա գաղտնիք է նրանց համար, մի՞թե նրանք կույր են: Իհարկե ոչ: Ուղղակի նրանց ձեռք չի տալիս բարձրաձայնել այդ մասին, նրանց միայն հետաքրքրում է իրենց անձնականը և ոչ ընդհանուրը, ազգայինը: Ոմանք էլ, լինելով շատ հայրենասեր, կամաց-կամաց կորցնում են իրենց բարձր արժեքները: Եվ սա շատ ցավալի է: Համենայն դեպս, չեմ ուզում շատ խորանամ, դեպքերի և իրադարձությունների մեջ ընկղմվեմ, ուղղակի մի փոքր խիղճ ունեցեք ու այս անգամ ժողովրդին մի խաբեք, մի ստեք, մի հուսադրեք ձեր սուտ ու փուջ խոստումներով, ապագայի նկատմամբ մեծահողդողդ բառերով ու բառակապակցություններով: Իսկ ով համաձայն չի, ուրեմն կամ Հանրապետական կուսակցությանն է պատկանում, կամ էլ առնվազն 15 տարի չի ապրել Հայաստանում և անտեղյակ է ամեն ինչից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել