Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների գերակշիռ մասի կարծիքը հետևյալն էր, որ չկա վստահության մթնոլորտ Հայաստանի իշխանությունների ու Սփյուռքի միջև։ Սա, իհարկե, որոշակի ճշմարտություն է պարունակում իր մեջ, բայց ամենակարևորը սրա սկզբնաղբյուրն է։ Ինչո՞ւ են հայկական այս երկու միավորումների միջև տարաձայնություններ առաջանում։ Խնդիրը, կարծում ենք, հիմնականում երկուստեք հարաբերությունների ոչ անկեղծ ու հստակ օրակարգի մեջ է։ Բազմիցս ենք խոսել, որ Սփյուռքը, Հայաստանը, բացի պատմական հայրենքից ու սիմվոլից, այլ կերպ չի ընկալում։ Գուցե դա իրոք այդպես է, բայց այդ դեպքում պահանջներն էլ Հայաստանից պիտի լինեն սիմվոլիկ ու սիրողական. պետական մասշտաբի աջակցություն, զորօրինակ՝ Ցեղասպանության հարցի՝ արտաքին քաղաքական օրակարգ մղելը չպետք է լինի։ Դա բացառապես Սփյուռքի խնդիրն է, ու այս հարցում Հայաստանը միայն ու միայն կարող է օգնել, ոչ ավելին։ Հայաստանն էլ իր հերթին, հաշվի առնելով իր տնտեսական ծանր իրավիճակը, Սփյուռքին տարիներ շարունակ գայթակղել է ներդրումների միջավայր ստեղծելու կեղծ օրակարգով, սակայն այդ ամենը տեղի չի ունեցել, որովհետև շատ-շատերը, Հայաստան գալով, բախվել են մի այնպիսի բյուրոկրատական կարծր ապարատի մտածելակերպի ու խարդավանքների, որ դժվար հաջորդ անգամ Հայաստան գան։ Սա էլ, իհարկե, ճշմարտություն է։ Սակայն գլխավորն այն է, որ չկան հարաբերությունների հստակ օրակարգ, հարաբերությունները կառուցվում են միմյանց խոսք տալով ու հոր արև երդվելով, թե ամեն ինչ նորմալ կլինի։ Մինչդեռ պետք է գործեն հատուկ ինստիտուտներ, ու գաղափարը պետք է լինի կենտրոնական հենքը, ոչ թե խոսքը։ Հայաստան գալը սփյուռքահայի համար պետք է լինի ամենագլխավոր խնդիրը, իսկ Հայաստանի իշխանության խնդիրը պետք է լինի յուրաքանչյուրի համար բարենպաստ միջավայր ստեղծելը՝ անկախ նրանից՝ ինչ իշխանություն է, ինչ արժեքներ է կրում ու ինչքան ժամանակով է իշխանության։ Կենտրոնում պետք է լինի «Հայաստան» գաղափարը բացառապես և ոչինչ դրանից անդին։ Ահա այս դեպքում կհաջողի և՛ Սփյուռքը, և՛ Հայաստանը։ Մնացածը պարզապես հեքիաթներ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել