Armtimes.com-ը գրում է.
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր անժամկետ դասադուլ էր հայտարարվել: Այդ մասին նաեւ ազդարարում էին դպրոցի դարպասների ու պատերի վրա փակցված բազմաթիվ գրությունները: Շենքի ներսում նույնպես դասադուլի ու իշխանություններին ներկայացվող պահանջների մասին բազմաթիվ պաստառներ կային:
Ծնողներն այլեւս թույլ չեն տվել երեխաներին դպրոց հաճախել, քանի որ նրանք հայտարարում են, որ դա անվտանգ չէ, եւ բացի դրանից, առկա պայմաններում բացառված է կրթության բավարար որակ ապահովել:
Դպրոցի մի քանի մասնաշենքերից գործում է միայն մեկը: Ծնողները վրդովված ընդգծում էին, որ այնտեղ ավելի քան 600 աշակերտ է սովորում՝ չնայած նախատեսված է առավելագույնը 300 երեխայի համար: Նշում էին, որ շենքը վթարային է, եւ երեխաների մեծ հոսքից ճոճվում է: Ասում էին, որ դպրոցի բոլոր հնարավոր տարածքները դասասենյակների են վերածել, որպեսզի հնարավոր լինի տեղավորել երեխաներին:
Դասասենյակ է դարձել կաթսայատունը, դահլիճը: Ֆիզկուլտուրայի դասերն անցկացնելու համար չկա մարզադահլիճ, լաբորատորիայի մասին երեխաներն անգամ գաղափար չունեն, միակ բարեկարգ սանհանգույցի մոտ մշտական հերթեր են գոյանում, օտար լեզուների դասաժամերին դասարանը կիսելու հնարավորություն չկա եւ այլն:
Որպես համար մեկ պահանջ՝ ծնողներն առաջ են քաշում տարրական՝ 1-4-րդ դասարանների աշակերտներին մոտակա ավագ դպրոց տեղափոխելու հարցը: Ապա կարեւորում են դպրոցի հիմնանորոգումն ու ուսումնական տարածքների ընդլայնումը:
Նկարագրված իրավիճակն այս դպրոցում երկար տարիների պատմություն ունի: Ծնողների փոխանցմամբ, իշխանությունները շարունակ խոստացել են լուծել խնդիրը, բայց անընդհատ խաբել են եւ չարաշահել իրենց վստահությունն ու համբերությունը:
«Բազմիցս ասել են՝ կվերանորոգվի, բայց ոչինչ չի փոխվել, դպրոցը վթարային վիճակում է գտնվում՝ երեխաների կյանքի համար շատ վտանգավոր: Երեկ այստեղ ծնողական ժողով էր, քամուց շենքը ճոճվում էր: Ինչքանո՞վ է հաճելի՝ երեխաները նման շենքում դասի են նստում, օձ, կարիճ, մուկ... բոլոր կենդանիների հետ համատեղում են իրենց կրթական պրոցեսը: Եթե դա նորմալ է, գնանք սկսենք դասերը շարունակել: Դահլիճ այստեղ գոյություն չունի, դպրոցում ոչ մի միջոցառում հնարավոր չէ իրականացնել: Ջեռուցման համակարգերը մասամբ ծածկած են, այդտեղ դաս են անում: Ո՞նց կարելի է կաթսաների աղմուկի տակ դաս անել:
Սպորտդահլիճ ընդհանրապես չկա: Եթե ֆիզկուլտուրան կոփում է մարդու մարմինը, մեր երեխաները գրքի թերթերը թերթելով կոփվում են, ազգի համար պիտանի կոփված զավակներ են մեծանում, շուտով կգնան բանակ, թերթելուց ամրացած մկաններով կպաշտպանեն երկիրը: Ինչի՞ է նման սա: Աղջիկ-տղա օգտվում են մի սանհանգույցից: Էս մեր լուսավոր երկրում նման դպրո՞ց: Շնորհակալություն՝ կառավարությանը: Երբ ծնողը վատն է, բողոքում են՝ վատ ծնող: Հիմա երեխաներ ենք բերել, այս դպրոցի պարագայում ո՞վ է վատը, ղեկավարությո՛ւնը: Ո՞վ է պատասխան տալու, եթե ինչ-որ մեկին ինչ-որ մի բան լինի: Ուսուցիչը կանգնում է, զգուշացնում՝ աստիճանները հանդարտ իջեք, որ չպոկվի: Իսկ եթե պոկվեց ու որեւէ մեկի երեխային ինչ-որ բան եղավ, ո՞վ կգա պատասխան կտա»,- ասում էր ծնողներից մեկը:
Մյուսները նկատում էին, որ իշխանավորներն իրենց երեխաներին նմանատիպ դպրոց չեն ուղարկի, եւ որ հանրակրթական հաստատություններն էլ դարձել են հարուստների եւ աղքատների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



