Armenpress.am-ը գրում է.
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն այս փուլում նախ և առաջ դիվիդենտներ ստանալու նպատակ ունի:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանն` անդրադառնալով սեպտեմբերի 25-ին անցկացված Իրաքյան Քրդստանի հանրաքվեին:
«Հանրաքվե դեռ չի նշանակում անկախացում, դա տևական գործընթաց է ենթադրում իրավական, օրենսդրական, քաղաքական դաշտում: Ամեն դեպքում, Իրաքի Հյուսիսում քրդական պետության անկախության հռչակումը ժամանակի հարց է: Սրա հետ ժամանակի ընթացքում հաշվի կնստեն միջազգային դերակատարները»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Անդրադառնալով տարածաշրջանային խոշոր դերակատարների արձագանքներին ու գործողություններին` Արմեն Պետրոսյանը նշեց, որ այս փուլում դրանք հիմնականում նախազգուշացնող ազդակներ են, որպեսզի Իրաքյան Քրդստանը չգնա կտրուկ քայլերի: Նա նկատեց, որ Իրաքյան Քրդստանի դիրքն այնպիսին է, որ լուրջ կախվածություն ունի հարևաններից: Եթե հարևանները ցամաքային, օդային սահմանը փակեն, ապա Իրաքյան Քրդստանը կհայտնվի տնտեսական լուրջ խնդիրների մեջ: Եզդիների, թուրքոմանների, շիաների խնդիրը հավելյալ հնարավորություն է ստեղծում ուղղակի միջամտության համար:
«Սկզբունքորեն ուղղակի միջամտությունը չի կարելի բացառել, բոլոր հնարավորությունները կան դրա համար, սակայն այս պահին, կարծում եմ, որ խոշոր դերակատարները փորձում են խոչընդոտել անկախության գործընթացը»,-ասաց արաբագետը:
Ինչ վերաբերում է այս գործընթացի համատեքստում Հայաստանի շահերին` ապա արաբագետը նշեց, որ այս զարգացումները երկկողմանի նշանակություն ունեն: Նախ դրական է այն, որ արցախյան հիմնահարց ունենալով, Իրաքյան Քրդստանի հանրաքվեն դառնում է հերթական նախադեպը: Դրանից բացի, Հայաստանն Իրաքյան Քրդստանի հետ ունի տնտեսական հնարավորություններ: Գումարած դրան, քրդական հիմնախնդրով մտահոգված է Թուրքիան, դա նշանակում է նոր գլխացավանք թուրքերի համար:
«Մյուս կողմից այս իրողությունը սկիզբ է դնում Մերձավոր Արևելքում` մեզ մոտ տարածաշրջանում, պետությունների տարածքային ամբողջականության խախտմամբ նոր պետությունների ձևավորման գործընթացին: Սուբյեկտ են դառնում երկրներ, որոնց հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ` Իրանը Սիրիան, Իրաքը»,-ասաց արաբագետ:
Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է ուշադրությամբ հետևի գործընթացներին, ժամանակին արձագանքելու, իրավիճակային ճիշտ որոշումներ ընդունելու համար: