Մի կողմից խոստովանել, հայտարարել, որ Հայաստան ներկրված և ‹‹Երևան Սիթի›› սուպերմարկետում իրացվող «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› (DOUX) սառեցված հավերի` լաբորատոր փորձաքննության ենթարկված խմբաքանակները վտանգավոր սննդատեսակ են, մյուս կողմից խուսափել զանգվածային լրատվամիջոցին և հանրությանը հայտնել, թե դրանից հետո որոշակի ինչ գործողություն կամ գործողություններ են ձեռնարկվել: Այս խայտառակ գործելակերպը Աբրամ Բախչագուլյանի ղեկավարմանը վստահված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն է:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը, Hetq.am էլեկտրոնային պարբերականին անցյալ շաբաթ հավաստելով, որ թույլատրելիից հորմոնների բարձր պարունակությունն արդեն վտանգավոր է համարվում, տեղեկացրել է նաև լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին, որոնց համաձայն` «նշված երկու տեսակի հավերը վտանգավոր սննդատեսակ են, և դրա վերաբերյալ համապատասխան գործողություն են կատարել»: Ընթերցողներին, սպառողներին, բնականաբար, հետաքրքրում է, թե այդ «համապատասխանը» որոշակի ի՞նչ է նշանակում, ի՞նչ գործողություն է կատարվել: Հենց այս հարցի պատասխանը ստանալու համար էլ այսօր դիմեցինք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանին:
«Այնտեղ սաղ տրված ա ինչ ա»,- ասաց նա:
Մեր առարկությունից, պարզաբանումից հետո, որ ծանոթ ենք հիշյալ ԶԼՄ-ին իր տված պարզաբանմանը, բայց, այդուհանդերձ, անհասկանալի է մնում, թե տվյալ ապրանքների վաճառքն արգելվե՞լ է, թե՞ ոչ, պրն. Ղուլյանն ասաց, որ ինքը շատ հասկանալի տվել է… Իհարկե, նա տեղեկացրել էր, որ «Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով «Ալեքս Գրիգ» ընկերությունում իրականացված դիտարկմանը հաջորդել է ստուգումը, փորձաքննվում են ընկերության պահեստում առկա թռչնամսի խմբաքանակները», հայտնել էր նաև, թե «Ծառայության պետը միաժամանակ հանձնարական է տվել, որ բոլոր սահմանային անցակետերում այսուհետ «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX) հավերի ապրանքատեսակները երկիր ներմուծելիս պարտադիր ենթարկվեն փորձաքննության, որից հետո թույլատրվի ներմուծումը»:
Սակայն միաժամանակ ընդգծենք (թեև առանց ընդգծելու էլ աշխատակազմի ղեկավարի տեղակալին պետք է պարզ լիներ), որ վերը նշված գործողությունները թեև անհրաժեշտ են, բայց բավարար չեն: Միանշանակ է, որ դրանք «տվյալ (վտանգավոր սննդատեսակ համարված) ապրանքների վաճառքն արգելվե՞լ է, թե՞ ոչ» հարցի պատասխանը չեն տալիս:
Դատելով ամենից՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի արգելել «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX) սառեցված հավերի` տեստոստերոն հորմոնի չափազանց մեծ պարունակություն ունեցող խմբաքանակների վաճառքը, ու հենց այդ պատճառով է, որ ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալը համառորեն խուսափեց մեր հարցին «այո» կամ «ոչ» պատասխանը տալ: Եվ սա` այն դեպքում, երբ ծառայությունը պարտավոր էր ոչ միայն արգելել նշված թռչնամսի վտանգավոր խմբաքանակների վաճառքը, այլև հրապարակայնորեն ոչնչացնել այն, ինչը չանելով հերթական անգամ ապացուցել է, որ խայտառակ վատ է աշխատում:
Ավելին. նշված ծառայությունը նույնիսկ չի բարեհաճել սպառողներին հայտնել, թե «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX) սառեցված հավերի հատկապես ո՞ր, այսինքն` ո՞ր օրվա արտադրության խմբաքանակներում է հայտնաբերվել նշված հորմոնի վտանգավոր պարունակությունը, որպեսզի եթե տնտեսվարողը խիղճը կորցրած շարունակեր դրանց վաճառքը, սպառողները, զգուշացված և իրազեկ լինելով իրենց առողջության համար այդ ապրանքների վտանգավոր խմբաքանակների մասին, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող հիշյալ սուպերմարկետից կամ մեկ այլ խանութից չգնեին դրանք: Ծառայության վերոնշյալ վարքը, կարծում ենք, նման է հանցավոր անգործության, եթե, իհարկե, հանցավոր անգործություն չէ:
«Այս հարցի հետ կապված, երբ որ հարց բարձրացրի ինձանից վեր կանգնած մարդկանց մոտ, իրենք ինձ ասացին, որ այս պահին տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- հիշյալ տեղեկատվությունը ստանալու նպատակով ավելի վաղ տրված մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:
Ընդգծենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտմամբ աչքի ընկնող այսպիսի պատասխան ստացանք այն դեպքում, երբ խնդիրը վերաբերում է մարդկանց առողջությանը սպառնացող վտանգի վերացմանը և հասարակությանն այդ մասին ժամանակին իրազեկելուն:
Վերոնշյալից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ վտանգավոր թռչնամսի վերաբերյալ տեղեկատվությունը «լավագույն դեպքում» հրապարակման ենթակա կլինի միայն այն ժամանակ, երբ մարդիկ գնած-սպառած կլինեն հավերի աճը, մսարտադրությունը խթանող տեստոստերոն հորմոնի չափազանց մեծ (առողջության համար վտանգավոր) պարունակությամբ «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX) սառեցված հավերի ողջ խմբաքանակը: Այդ դեպքում տվյալ ծառայությունը սննդամթերքի անվտանգության պետական ծառայությո՞ւն է, թե՞ օլիգարխների տնտեսական շահերի պաշտպանության ծառայություն: Հետաքրքիր է` այս ամենից հետո՞ էլ վերադաս մարմինների կողմից ծառայության խայտառակ գործելակերպը չտեսնելու է տրվելու… Հավանաբար՝ այո:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/11787
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել