Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից շատ բան հայտնի չէ առայժմ, ու դժվար էլ հայտնի դառնա, որովհետև, սովորության համաձայն, կողմերը հանդես են գալիս հերթապահ հայտարարություններով ու հանդիպումը դրական գնահատում։ Այս հանդիպման հիմնական հետաքրքրությունը թերևս այն է, թե կկարողանան արդյոք երկու կողմերի արտգործնախարարները հանդիպում կազմակերպել նախագահների մակարդակով։ Այդ առումով որոշակի պայմանավորվածություններ կարծես թե ձեռք են բերվել, որոշակի պարտավորություններ էլ ստանձնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Արդեն շուրջ 25 տարի ձգվող հակամարտության կարգավորումը և ոչ մի կերպ չի երևում։ Ադրբեջանը սաստկացնում է իր դիրքորոշումը, հաճախ նաև սահմանում խախտում զինադադարը, իսկ անցյալ տարի ապրիլին նաև ռազմական գործողությունների դիմեց, Հայաստանն էլ իր հերթին պատասխանում է դրանց ու հանդես գալիս հարցը բացառապես ազգերի ինքնորոշման սկզբունքից ելնելով լուծելու օգտին։ Փաստը մեկն է. հարցն արդեն երկար ժամանակ չի լուծվում, ու հարց է առաջանում՝ ինչի մասին են խոսում կողմերը, երբ հանդիպում են երկու երկրների ղեկավարները կամ գերատեսչությունների ղեկավարները։ Մի՞թե կարելի է 25 տարի հանդիպել ու ոչ մի արդյունքի չհասնել ու այսքան անհանդուրժող լինել մեկը մյուսի նկատմամբ։ Սա վերաբերում է, նախևառաջ, ադրբեջանական կողմին, ու ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդիրն է աշխատել հենց այս ուղղությամբ, որ Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը որոշակիորեն գոնե նվազի։ Հանուն արդարության պետք է փաստել, որ Հայաստանում իրավիճակն այդպիսին չէ։ Սակայն, միևնույն է, դա ոչ մի արդյունք չի ապահովում։ Կողմերը գալիս, հանդիպում են, ու փոխարեն գոնե միջկառավարական կամ ոչ ֆորմալ հանդիպումների արդյունքում երկու երկրներում մթնոլորտ փոխվի, գնալով ավելի է սրվում իրավիճակը։ Ինչ-որ մեկը սրա համար պետք է պատասխանատվություն կրի։ Մնաց պարզել, թե ով է այն կողմը, որ հաստատապես չի ուզում հարաբերություններ փչացնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: