Ստեփանակերտի օրվա և քաղաքի անվանակոչման 94-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր առավոտյան Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի են ունեցել բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված մայրաքաղաքի տոնի օրվան։
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանից ժամանած պատվիրակությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ, պետական այլ բարձրաստիճան այրեր, ստեփանակերտցիներ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Ստեփան Շահումյանի հուշարձանի պատվանդանին, ում պատվին 94 տարի առաջ ԼՂԻՄ նախկին մարզկենտրոնը անվանակոչվել է:
Այնուհետև ներկաները ծանոթացել են Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում կազմակերպված «Խաղաղություն Արցախին» խորագրով ցուցահանդես-վաճառքին:
Վերածննդի հրապարակում տոնական տրամադրությունն ապահովում էին տարբեր մշակութային ու սպորտային միջոցառումների մասնակիցները. դրանք կազմակերպել են Ստեփանակերտի քաղաքապետարանը` համագործակցելով տարբեր գերատեսչությունների հետ:
Երեխաների մասնակցությամբ Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել նկարչություն ասֆալտի վրա, ինչպես նաև պլեներային նկարչություն, մարզամշակութային տարբեր միջոցառումներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը ասել է, որ քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կկազմակերպվեն համերգներ:
«Երեկոյան Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղի է ունենալու «Հին ու նոր Ստեփանակերտ» խորագրով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ»,- նշել է Կ. Հարությունյանը:
Մայրաքաղաքին նվիրված միջոցառումները կավարտվեն Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կայանալիք տոնական համերգով: