PanARMENIAN.Net-ը գրում է.

7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որն արտահանձնվել է Իսրայել, պատմել է, թե ինչպես են վարում հարցաքննություններն ադրբեջանցի քննիչները:

«Ադրբեջանում ինձանով լավագույն քննիչներն էին զբաղվում, գնդապետ Քամալ Տալիբովը, գնդապետ Վուղար Նասիբովը, քննչական վարչության պետ, գեներալ Իլդար Ահմեդովը և գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Ռուստամ Ուսուբովը»,-գրել է Լապշինն իր «Կենդանի ամսագրում»:

Ըստ նրա, քննիչներն ամեն կերպ համոզում էին իրեն, որ միայն անկեղծ խոստովանությունը, որ ինքն աշխատում է ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունների վրա, կարող է մեղմել իր վիճակը:

«Պետք է նշել քնչչական գործողությունների ակնհայտ թշնամական ուղղվածությունը ՌԴ դեմ, այդքան անհեթեթություն ու մերկապարանոց մեղադրանքներ ՌԴ հասցեին ես նույնիսկ չէի սպասում լսել»,-ասել է Լապշինը:

«Ամեն ինչ մտածված էր որպես հատուցում կորցրած Ղարաբաղի համար՝ թե թող որ կորցրել ենք Աղդամն ու Շուշին, փոխարենը բլոգեր ճանապարհորդի ենք բռնել»,- գրում է բլոգերը:

Լապշինը նաև մեջբերում է ադրբեջանցի քննիչների «հանճարեղ» արտահայտություններից մի քանիսը.

«Դուք հայի նման չեք, ես նրանց հեռվից եմ հոտառությամբ զգում»,-ասել է արդարադատության գնդապետ Վուղար Նասիբովը:

«Իսկ ի՞նչ վիճակում է ձեր ամառանոցը Ղարաբաղում: Չունե՞ք ամառանոց Ղարաբաղում: Ուրեմն չունե՞ք , հա»,-ասել է գնդապետ Տալիբովը:

«Հրեա կանայք շուտ են ծերանում և սարսափելի են դառնում, դրանով նրանք հայուհիներին են նման, իսկ այ տղամարդիկ ոչինչ... »,-ասել է վերոնշյալ անձանցից մեկը:

Լապշինը հավելել է, որ նման հիմար հարցեր էին տալիս նաև նրա մորը, որը եկել էր տեսակցության:

«Եթե նույնիսկ Ադրբեջանի լավագույն պրոֆեսիոնալներն են այդպես վարում գործերը, ապա ի՞նչ ասենք հիմնական զանգվածի մասին: Մի քիչ էլ ժամանակ կանցնի և գյուղը վերջնականապես կփոխարինի խորհրդային տարիների մտավորականներին Բաքվում, իսկ հետո՝ արագ իսլամականացում և աֆղանացում: Գործընթացն անշրջելի է: Թեև լավագույնները վաղուց են հեռացել Ադրբեջանից, իսկ ով մնացել է, կամ նավթի վրա է նստած՝ գողանում է, կամ ճամպրուկների վրա է, կամ էլ...ապագան նրանցն է, գեղացիներինը»,-ասել է Լապշինը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել