Armtimes.com-ը գրում է.
Երեւանի «Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններն առաջիկայում կմիաձուլվեն, ինչի արդյունքում կստեղծվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ին կայանալիք նիստի օրակարգում:
Նշված որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը դրա հիմնավորման մեջ պայմանավորվում է «Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնների ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ եւ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:
Կառավարության որոշման նախագծից պարզ է դառնում, որ միաձուլման արդյունքում ազատվելու է «Նորք» հոգեբուժական կենտրոնի շենքը:
Նշվում է, որ այդտեղ մեկ հիվանդին բաժին ընկնող օրական ծախսը ամենաբարձրն է՝ 11 390 դրամ: «Նուբարաշենում» 7 500 է: «Նորք» հոգեբուժական կենտրոնն ունի լրացուցիչ առավելագույնը մինչեւ 100 հիվանդ ընդունելու հնարավորություն, Ավանը՝ 207, Նուբարաշենը՝ 245:
««Նորք» հոգեբուժական կենտրոնի շենքը, կապված վերջինիս գտնվելու վայրի հետ, ունի արդյունավետ օգտագործման հնարավորություն: Շենքը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելու դեպքում վաճառքի տեսանկյունից այն գտնվում է բարենպաստ պայմաններում: Շարժական եւ անշարժ գույքի օտարման դեպքում հնարավոր է ստանալ շուրջ 530 մլն ՀՀ դրամ: Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից՝ 100 մլն ՀՀ դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում եւ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը, մասնավորապես` ջերմոցներով եւ արեւային մարտկոցներով հագեցմանը: Մնացած 200 մլն ՀՀ դրամից 100 մլն-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ մնացած 100 մլն ՀՀ դրամը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը»,- կարդում ենք օպտիմալացման որոշման նախագծում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



