Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի նախագահի ելույթը գործնական առաջարկ էր պարունակում: Խնդիրն այն է, որ հաջորդ տարի` 2018թ-ին, Միավորված ազգերի ընտանիքը նշելու է 1948թ-ի դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, և բոլոր երկրներին հրավիրում է միանալ և պաշտպանել այդ նախաձեռնությունը:
1948թ-ի ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան այն կարևոր միջազգային մեխանիզմներից է, որը պետք է ճանապարհ հարթեր մարդկային քաղաքակրթության համար ամենասարսափելի ոճրագործության` ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժելու համար: Այնուամենայնիվ, ժամանակը ցույց տվեց, որ 1948թ-ին ընդունված Ցեղասպանության կոնվենցիան թերի է և ընդունակ չէ իրավական հիմք դառնալ այդ ոճրագործությունը կանխելու համար, ավելին` ժամանակակից փուլում շարունակվում են տեղի ունենալ նման հանցագործություններ (Կամբոջա, Ռուանդա, Դարֆուր և այլն), իսկ ժխտողականությունը արմատավորվում է որպես պետական քաղաքականության առանձին տարր, ինչպիսին որ Հայոց ցեղասպանության դեպքում Թուրքիայի վարած քաղաքականությունն է: Նման ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար:
Ինչպես տեսնում ենք, Ցեղասպանության կոնվենցիան բարելավման կարիք ունի, և դժվարին գործի մեկնարկը Հայաստանը վերցնում է իր ուսերին: Այս նախաձեռնությունը բխում է ողջ միջազգային հանրության շահերից, քանի որ այն ունի համամարդկային նշանակություն: