Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մեկնարկել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մասնակցել է նստաշրջանին և հանդես է եկել ելույթով:
Իհարկե, նախագահի ելույթը բազմաբովանդակ էր և պարունակում էր տարբեր մեսիջներ՝ ուղղված միջազգային հանրությանը, բայց ինձ համար առավել կարևոր նշանակություն ունեին ելույթի երկու մեսիջ: Նախ՝ կառանձնացնեի նախագահի անդրադարձը Արցախի հակամարտության խնդրին, որտեղ նա միջազգային հանրությանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել և նշեց, որ Ադրբեջանը ժողովրդավարական ուղով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:
Երկրորդ կարևոր կետն ինձ համար նախագահի կողմից անդրադարձն էր Արևելքում առկա անկայունությանը: Անդրադառնալով այս հարցին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ն պատրաստակամ է ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում իր մասնակցությունը և միանալ Սիրիայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը: Սա, անկասկած, միտված էր Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում առավել ազդեցիկ դարձնելուն, որը նաև սիրիահայ համայնքի համար ապահովության յուրահատուկ երաշխիք և հոգեբանական աջակցություն է լինելու։
Այսպիսով, եթե Արցախի խնդրի շուրջ հասցեական մեսիջները օրակարգային և պարբերական բնույթ են կրում նախագահ Սարգսյանի ելույթներում, ապա խաղաղապահ առաքելություններում ՀՀ-ի ներկայացվածության ավելացմանն ուղղված նախագահի խոսքը, կարելի է ասել, նոր մեսիջ էր՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ևս մեկ անգամ ուրվագծում էր Հայաստանի՝ որպես սուվերեն պետության, գործելաոճը: