Երեկվանից ակտիվորեն քննարկվում է Հայաաստան-Սփյուռք համաժողվի ընթացքում հայկական երկու եկեղեցիների առաջնորդների՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթներն այդ ժողովի ընթացքում. վերջիններս միջնորդավորված ու ոչ ուղղակի կերպով կոշտ քննադատության ենթարկեցին Հայաստանի ներկա մթնոլորտն ու այնտեղ կատարվող իրադարձությունները։ Պետության մեջ տեղի ունեցող ամեն մի դրական ու բացասական երևույթի համար պատասխանատու են իշխանությունը և, բնականաբար, նախագահը, ուստի բազմաթիվ մարդիկ սկսեցին խոսել, որ հոգևոր թեմի առաջնորդները քննադատության ենթարկեցին նախագահին՝ նրա իսկ ներկայությամբ։ Ինչևէ։ Դրանից Հայաստանը մի օրում չդարձավ ավելի լավ ու բարեկեցիկ երկիր, իսկ քննադատություններ մենք շատ ենք լսել ու ոչ մեկ անգամ։ Սակայն արդյունքում, մեծ հաշվով, բան չի փոխվել։ Սակայն հետաքրքիրն այն է,որ մեր հանրությունը քաղաքական վատ դրության, թշվառության համար այլևս չունենալով որևէ պահանջ ու հույս քաղաքական ղեկավարությունից, արդեն իր բողոքի հասցեատեր է համարում եկեղեցուն։ Սակայն պետք է գիտակցել, որ եկեղեցին իր վրա քաղաքական ֆունկցիա վերցնել չի կարող ու պետության դեմ գնալ չի կարող, որովհետև եկեղեցին՝ և՛ Էջմիածինը, և՛ Կիլիկիո կաթողիկոսարանը, համարում են, որ երկրում քաղաքական հարցերով պետք է զբաղվեն քաղաքական կուսակցությունները, և դա իրենց գործը չէ։ Եթե կուզեք, սա հենց այդ պետական մոտեցումն է, որը մեզ պակասում է, ու շատ լավ կլիներ, եթե քաղաքական կուսակցությունները սրանից ոչ թե հղփանային ու արխային ընկնեին, այլ հակառակը՝ սթափվեին ու գործեին հանուն պետության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: