Ուղու ժխտումը
Ուղու ժխտումը`շքեղ առանձնատներ և
մոլախոտով ծածկված դաշտեր, թանկարժեք
հագուստ, հափրած որկորներ և ամբողջովին
դատարկ ամբարներ են:
Լաո Ցզե
Մեր կառուցած պետությունը՝ իր որդեգրած արժեքային համակարգով, ազգապահպան, հոգևոր-մշակութային, ճշմարիտ կրթական-դաստիարակչական քաղաքականությունների բացակայության հետևանքով նպաստում է հոգևոր Հայրենիքից, սեփական ինքնությունից մեր օտարմանը, ՀԱՅ տեսակի վերացմանը:
Ողջ տիեզերքը՝ որպես մի ամբողջական համակարգ, Արարչի կողմից հաստատված կարգին համապատասխան, կառուցված լինելով մեկ միասնական ներքին տրամաբանությամբ, բաղկացած է ամբողջից տրոհված և իրար հետ ներդաշնակ փոխգործակցության մեջ գտնվող բազմազան և բազմաթիվ մասերից` ենթահամակարգերից, որոնցից յուրաքանչյուրը, լինելով եզակի ու անկրկնելի, իր մեջ կրելով ամբողջը` որպես ինֆորմացիա, կոչված է իրագործելու միայն իր կողմից լավագույնս իրականացվող որոշակի ֆունկցիա, առաքելություն, և այդ առաքելության հիմնական նպատակն իր յուրօրինակության, անկրկնելի էության պահպանման, ինչպես նաև մնացածի հետ ներդաշնակ փոխգործակցության միջոցով ամբողջի բնականոն զարգացմանը նպաստելը, ամբողջի հետ միասնականության աստիճանի անընդհատ բարձրացումն ապահովելը պետք է լինի:
Այս նույն տրամաբանությունն է գործում նաև մարդկության համար, և նույն այդ կարգին համապատասխան նախանշված ուղով ընթանալու անհրաժեշտության գիտակցումով է միայն, որ ողջ մարդկությունն, աշխարհաճանաչողության իր ունեցած սահմանների անընդհատ ընդլայնման շնորհիվ բարձրացնելով իր հոգևոր կատարելության աստիճանը, անհրաժեշտաբար կպահպանի ինչպես իր ներքին, շրջապատող աշխարհի, նույն չափով նաև ողջ տիեզերքի բազմազանությունն ու ներդաշնակությունը, առանց շեղումների կընթանա նախանշված գերագույն ուղուն համընթաց:
Ճշմարիտ կարգին համապատասխան՝ արարչաստեղծ յուրաքանչյուր մարդկային տեսակ`Ազգ, ունի միայն իրեն հատուկ ֆունկցիա` առաքելություն, որի իրագործման համար նրան, որպես բնակության վայր, իբրև կենսագործելու միջավայր նաև, երկրագնդի վրա հատկացված է խիստ որոշակի գոյատարածք, արեալ` Մայր հայրենիք, որտեղ միայն այդ արեալի տերն է, որ կարող է լավագույն ձևով ինքնադրսևորվել, լավագույնս իրականացնել իր առաքելությունը: Մայր հայրենիք կոչվածը, անտարակույս, միայն պարզ բնակատեղի, կենսագործելու միջոց կամ միջավայր չէ, միայն հող ու բնություն չէ, այն մի հզոր էներգոինֆորմացիոն համակարգ է, և հայրենիքի տերը` Ազգը, անընդհատ փոխհաղորդակցության մեջ է այդ համակարգի հետ և այդ ճանապարհով է, որ արեալի տիրոջ մոտ ձևավորվում է խիստ որոշակի աշխարհընկալման կերպը, բացվում է աշխարհին նայելու իր պատուհանը, ստեղծվում են սեփական` միայն այդ կենսատարածքի, արեալի տիրոջը հատուկ, մեր պարագայում` հային հատուկ մտածողության ձևը, բնավորության ուրույն գծերը, ձևավորվում է սեփական մշակույթը: Այս առումով արեալն ու իր տերը մեկ հզոր ընդհանրություն են կազմում և առանց մեկի մյուսի լինելիությունը զրկվում է իր գլխավոր իմաստից և ժամանակի ընթացքում որպես այդպիսին դադարում է գոյություն ունենալուց:
Երբ մարդը լքում է իր Հայրենիքն ու հեռանում, կամ, որ ավելի վատ է, ապրելով իր Հայրենիքում՝ այն սկսում է դիտել միայն որպես բնակության, որպես նյութական արտահանման ու սպառման` ապրուստի միջոց հայթայթելու վայր (դժբախտաբար, այսօր մեծամասնորեն մենք հենց այս վիճակում ենք գտնվում), զուգահեռաբար կորցնում է նաև Մայր հայրենիքի զգացումը, մոռացության է մատնում բոլոր ճշմարիտ ուղենիշներն ու գաղափարները, մեր պարագայում, նա դադարում է Հայ մարդ լինելուց՝ վերածվելով մի արարածի, որն ինքն իրեն հայ է կոչում, հայի անունից անվերջ բարբաջում է նրա մարմնավոր բարեկեցության ու նյութական բարգավաճման, հարստության կուտակման, ուրախ ու զվարթ կյանքով ապրելու, ունեցվածքի առատության և մի շարան նման դատարկ ու անհեթեթ, Հայի, նրա առաքելության իրականացման խնդիրների հետ որևէ առնչություն չունեցող բաների մասին և արդյունքում վերածվելով ագրեսիվ սպառողի՝ մայր բնությունը, նրա ընդերքը, երկրի բոլոր ռեսուրսները սկսում է դիտել որպես հարստություն կուտակելու, միայն սեփական մարմնավոր, նյութական կարիքներն ու անհագ ցանկությունները բավարարելու միջոց և վերջիվերջո վեր է ածվում մարդկային սիլոսի:
Ճշմարիտ մարդ անգամ, կորցնելով Հայրենիքը, սակայն, իր մեջ ունենալով և փայփայելով ու պահպանելով Մայր հայրենիքի գաղափարը՝ որպես ինֆորմացիոն համակարգ, նրա հետ առնչվող բոլոր զգացումներն ու պատկերները դժվարությամբ է մոռացության մատնում և անկախ ամեն ինչից՝ դեռ երկար մնում է ՀԱՅ: Ուրիշ բան, որ Հայրենիքից դուրս գտնվողի համար այս պատկերները ժամանակի, արտաքին ազդեցությունների և մի շարք այլ պատճառներով լղոզվում, խամրում և վերջապես անէանում ու անհետանում են, ինչի հետևանքով Հայը ժամանակներ անց դադարում է Հայ լինելուց: Մայր հայրենիքից դուրս գտնվող, սակայն իրապես Հայ մնալու բաղձանքով ապրող մարդիկ ժամանակ առ ժամանակ առավելապես ենթագիտակցորեն, քան գիտակցված, վերադառնում են վերալիցքավորվելու, պատկերների խամրածությունը մաքրելու` տեխնիկայի լեզվով ասած՝ խաթարված ինֆորմացիան վերականգնելու, ռեգեներացնելու համար: Արեալի տերը մնալու, իրենց Հայրենիքով ապրելու լավագույն օրինակը մեր սփյուռքի եղբայրների ու քույրերի մի մեծ մասը կամ հայաստանաբնակ սասունցիները, մշեցիները, վանեցիներն Արևմտյան Հայաստանից բոլոր տեղահանվածներն են, ովքեր մինչ այժմ էլ մտովի այնտեղ են, չնայած որ Հայաստանում` իրենց «տանն» են, սակայն իրենց հարազատ բնօրրանից` Էրգրից` սեփական փոքր արեալից, դուրս լինելով հանդերձ, միևնույն է, սասունցի, մշեցի, վանեցի են, և անգամ նրանց նոր սերունդները, ովքեր չեն էլ տեսել Էրգիրը, սակայն հատկապես մշակութային պատկերների, բարբառների, երգ ու պարի, կենցաղային անցուդարձերի, և այլ` առաջին հայացքից երկրորդական, անկարևոր թվացող պահպանվածքների միջոցով փոքր Հայրենիքի ինֆորմացիոն պատկերն իրենց մեջ հստակ ունեն, դարձյալ Էրգրից են:
Յուրաքանչյուր պետության կազմավորման հիմքում պետք է ընկած լինի պետության առանցքը կազմող, համակարգաստեղծ, այսպես կոչված՝ տիտղոսակիր (титульная) ազգի (ազգերի), նրա մշակույթի պահպանումը, նրա առաքելական խնդիրների լուծմանը նպաստող`խորապես հասկացված, ճշմարիտ ազգային գաղափարների վրա հիմնված, «իր ընդոծին բնակիչների» էությունից բխող և նրանց սեփական ինքնությանը համապատասխանող կյանքով ապրելու համար լավագույն պայմանների ստեղծումն ու ապահովումը, քանզի միայն այս պարագայում է, որ հանրության յուրաքանչյուր անդամ կարող է լավագույնս ինքնադրսևորվել, առավելագույն օգուտ բերել ընդհանուր գործին և անկախ իր գրաված դիրքից և ունեցած սոցիալական վիճակից՝ հոգեպես բավարարված ու երջանիկ կզգա իրեն՝ գիտակցելուվ իր գործունեության, իր գոյության կարևորությունը` Ազգի առաքելության իրականացման խնդիրներում:
Այս առումով չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ դերակատարում պետք է ունենա պետությունը, ինչ ռազմավարական և մարտավարական խնդիրներ նա պիտի դնի իր առջև, արժեքային գերակայությունների ինչպիսի աստիճանակարգ պիտի սահմանի, զարգացման ինչ ուրույն ուղենիշներ պիտի ընտրի, կառավարման ինչպիսի համակարգ պիտի ձևավորի, ինչ կրթական-մշակութային քաղաքականություն պիտի որդեգրի նա, «տիտղոսակիր» ազգի պահպանման, զարգացման, նրա առաքելական խնդիրների իրագործմանը նպաստելու առումով:
Ահա արդեն քսան տարուց ավելի է, որ մենք ազգովի նվիրվել ենք այսպես կոչված պետականաշինության գործին՝ անգամ փորձ չանելով հասկանալու և սահմանելու հայոց պետականություն կոչվածի բուն դերն ու նշանակությունը`Հայության, Հայ տեսակի պահպանման, նրա առաքելական խնդիրների իրագործման տեսանկյունից: Հակառակը, վերը շարադրված գաղափարները համարելով ազգայնամոլության, դատարկաբանության կամ ազգային սնապարծության դրսևորումներ, (երբեմն անգիտակցորեն ընդգծելով, թե ողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է այդ հետադիմական գաղափարներից), ժխտելով սեփական ուղու գոյությունը, մենք մեր կառավարիչների հետ միասին գնացինք այս կամ այն երկրային չափանիշներով «քաղաքակիրթ» աշխարհին, «հաջողակ» պետություններին ընդօրինակելու ճանապարհով, մեզ համար որպես գերագույն հռչակեցինք մարդու զուտ մարմնավոր կարիքների ապահովմանն ուղղված նյութական արժեքները և նրանց համապատասխան գաղափարները, հաշվի չառնելով անգամ, որ սրանք մարդկանց միմյանցից հեռացնող, օտարացնող, բոլոր ազգային ավանդույթները փոշիացնող, ազգը քայքայող գաղափարներ են: Այս տարիների ընթացքում մենք ձևավորեցինք մարդկային մի տեսակ, որի համար Ազգ, Հայրենիք, Ծննդավայր, Հայրենի օջախ հասկացությունները որակվում են որպես հետամնացության արտահայտություններ, դառնում են մարդու «առաջընթացը» կասեցնող, «քաղաքակիրթ աշխարհի» հետ համընթաց քայլքին խանգարող գաղափարներ: Մեր կառավարիչները, դժբախտաբար, նրանց հետ միասին նաև մեզանից շատերը, բնավ չենք ցանկանում նկատել կամ չնկատելու ենք տալիս, որ այդ նույն քաղաքակիրթ աշխարհի, Եվրոպայի ժողովուրդների մեծ մասը, վաղուց բռնած լինելով այդ ուղին, առաջնորդվելով որպես «եվրոպական ճշմարիտ արժեքներ» իրենց հրամցված, սակայն իրականում այդ արժեքների նմանակեղծիքները հանդիսացող քաղաքականացված շինծու գաղափարներով, վեր են ածվել ընդամենը միայն իրենց մարմնավոր կարիքների բավարարման մասին մտածող արարածների և այսօր հետաճի ու համահարթեցման, միօրինակացման առջև են կանգնած, դրա արդյունքում սեփական հայրենիքներում նրանց ինքնակամ, բայց չգիտակցված ժողովրդագրական խառնակցումը, բաստարդացումն ու փչացումը`աֆրիկյան ու արաբա-թրքա-հարավարևելաասիական ժողովուրդների հետ, նրանց` որպես արարչաստեղծ, սեփական ուղի, առաքելություն ունեցող տեսակների անէացումն ու վերացումը երկրագնդի երեսից միայն ժամանակի հարց է դարձել:
Եթե մենք շարունակում ենք ներկայիս մեր որդեգրած ընթացքը, ապա մոտ ապագայում նման անփառունակ ճակատագիր նաև մեզ է սպասում, քանզի մենք մի պետություն ենք շինում, որը ոչ միայն Հայի, այլ անգամ արարչաստեղծ մարդու էության հետ որևէ առնչություն չունի: Այսօր մենք էլ այդ խեղճ եվրոպացիների նման եվրոպական արժեքների անվան տակ որդեգրեցինք այդ արժեքային համակարգի հետ որևէ առնչություն չունեցող գաղափարները, որտեղ Ազգ, Առաքելություն, սեփական ուղի և այլ նման հասկացությունները` մարդու մոտ Մայր հայրենիքի գիտակցումը ձևավորող գաղափարներն ու պատկերներն օտար ու անընդունելի են: Իրական եվրոպական արժեքներն ավելի քան հարազատ ու ընդունելի են մեզ համար, քանզի դրանք առաջին հերթին մեր ազգային էությունից սերված արժեքներ են, որոնց մենք ներսից ենք ծանոթ: Իսկ ներկայումս Եվրոպայից մեզ հրամցվող, երբեմն նաև տարբեր օրինագծերի ձևով պարտադրվող արժեհամակարգը, լոկ անունով նման, սակայն, ըստ էության, նրանց հակոտնյան հանդիսացող սուտ, շինծու, մարդու միայն մարմնավոր կարիքների, նրա բնազդային ցանկությունների բավարարմանը ծառայող` մարդ մարդուն, մարդ կենդանու, անասունի վերածող դրույթներ են:
Ու այս ընթացքով մենք սեփական ինքնության, հոգևոր Հայրենիքի կորստյան հաշվին անհասկանալի ինչ-որ պետություն ենք կառուցում, «միջուկը» սպառելով` «կեղևն» ենք պարարտացնում: Մենք հազար տարու չափ պետականություն չենք ունեցել, ազգովի ապրել ենք օտարի լծի դաժան պայմաններում, սակայն ապրելով մեր իսկ արեալում՝ երբեք չենք կորցրել Մայր հայրենիքի զգացողությունը, սիրել ու փայփայել ենք, անընդհատ ներդաշնակ հաղորդակցության մեջ ենք եղել նրա հետ և արդյունքում միշտ Հայ ենք մնացել:
Այսօր կատարվում է ճիշտ հակառակը: Մեր կառուցած պետությունը՝ իր որդեգրած արժեքային համակարգով, ազգապահպան, հոգևոր-մշակութային, ճշմարիտ կրթական-դաստիարակչական քաղաքականությունների բացակայության հետևանքով նպաստում է հոգևոր Հայրենիքից, սեփական ինքնությունից, ինքներս մեզանից մեր օտարմանը` Հայ տեսակի վերացմանը:
Մտածենք այս մասին…