Սեպտեմբերի 18-ին Երևանում մեկնարկեց «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը: Հաշվի առնելով հայկական սփյուռքի ներուժը՝ պետք է փաստել, որ այս համաժողովները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստան-սփյուռք համագործակցության խորացման և դրա արդյունավետության բարձրացման գործում:
Այս տարվա համաժողովն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով: Առաջին անգամ համաժողովում առանձնացվել են 4 գլխավոր ուղղություններ, որոնց կազմակերպման համար ընտրվել են պատասխանատու գերատեսչություններ՝ Պաշտպանության, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների ու Սփյուռքի նախարարությունները:
Համաժողովի ընթացքում նաև նախատեսվում է Համահայկական խորհրդի ձևավորումը, որի նպատակն է միավորել սփյուռքի ներուժը՝ լավագույնս օգտագործելով այն ՀՀ-ի զարգացման գործում: Ինչպես իր խոսքում նշել էր Սերժ Սարգսյանը, այս կառույցը կոչված չի լինելու փոխարինելու կամ մրցակցելու սփյուռքում արդեն գոյություն ունեցող կազմակերպական կառույցներին, այլ միտված է լինելու արդեն գոյություն ունեցող կառույցների, սփյուռքի վառ և ճանաչված անհատ ներկայացուցիչների համար ընդհանուր հարթակ ձևավորելուն:
Հայաստան-սփյուռք համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու կոչով էր հանդես եկել նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ նշելով, որ անհրաժեշտ է Հայաստան-սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների և զբոսաշրջային այցելությունների շրջագծից և այն դարձնել ազգային քաղաքականության հիմքերից մեկը: