Մենք հաճախ ենք խոսում մեր մասին, որ ավելի աչքաբաց, ավելի ունակ ենք․․․ Ես չեմ կարծում, որ մենք ինչ-որ առանձնահատուկ ենք, բայց որ մեր լեզուն իր հստակությամբ, կոնկրետությամբ, ճշգրտությամբ նպաստում է մեր մեջ այդ ունակությունների զարգացմանը, սա ավելի իրական եմ համարում։ Մեր լեզուն ունի այնքան բառապաշար, որն անհրաժեշտ է մեզ լիարժեք հաղորդակցվելու, զանազան երևույթների իմաստը բացատրելու համար․․․ Շատ լեզուներ կան, որոնց գրականի ու բանավորի միջև այնքան մեծ է տարբերությունը, որ դրանք կարծես տարբեր լեզուներ լինեն․․․ Մարդիկ անզոր են հիշելու, թե ինչպես են գրվում բոլոր բառերը։ Իսկ հիշելու համար ուղեղն այնքան է ծանրաբեռնվում, որ մյուս գիտությունների համար այլևս տեղ չի մնում․․․ Պատկերացրեք, որ ազգանունդ կամ հասցեդ ասելուց հետո մի հատ էլ պետք է տառ առ տառ հեգես, ամեն մի տառի հետ մի ավելորդ բառ էլ ասես՝ հստակեցնելու համար, թե ինչ տառերով է գրվում հասցեդ կամ անունդ․․․ Լեզուն փառահեղ է ոչ թե ավելորդ բառերի քանակով, այլ իր հստակությամբ, գրականի ու բանավորի նմանությամբ, ցանկացած միտք կամ երևույթ ճշգրիտ ներկայացնելու հնարավորությամբ։ Մեր լեզուն օժտված է այս հատկանիշներով, որոնք էլ ապահովում են մեր լեզվի փառահեղությունը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: