#Գործկա և #գործչկա հանրային բանավեճը որոշ նրբություններ ունի։ Ենթադրենք՝ գործ կա, բայց հանուն արդարության պետք է անպայման նշել մի քանի կարևոր բաղադրիչ.
1. որքան են վճարում այդ գործի համար, 2. որքան են աշխատում այդ գործի համար, 3. որքանով է այդ գործը հեռանկարային, 4. տարիքային որ խմբի համար է։
Եթե նշված բաղադրիչները համապատասխանում են աշխատանքի նկատմամբ հանրային պատկերացումներին, և դրանից հետո մարդիկ չեն գնում աշխատելու, իհարկե, կարելի ասել, որ մենք ծույլ ենք։
Բայց #Գործկա առաջարկել, որը պահանջում է 70 հազար (թեկուզ 100 հազար) դրամի դիմաց աշխատել շաբաթական նվազագույնը 6 օր՝ օրական 10-12 ժամ, կարծում եմ, մեղմ ասած, արդարացի չէ։
Պետք չէ մոռանալ նաև, որ մեր հանրության պահանջները վերջին 1-2 տասնամյակում փոխվել են (ամբողջ աշխարհում է փոխվել)։ Եթե 20 տարի առաջ կենցաղային երջանկությունը սահմանափակվում էր սնունդ-լույս-տաք ջուր շրջագծում, ապա այսօր մարդկանց, հատկապես՝ երիտասարդների պահանջները փոխվել են։
Երբ ես նոր էի սկսում աշխատել, մեքենա ունենալը ծայրահեղ ճոխություն էր, հիմա մեքենան դարձել է կենցաղային սովորական պահանջմունք։ Էլ չեմ ասում հեռախոսի, ինտերնետի, 5-6 զույգ կոշիկի, 7-8 հատ շալվարի և մնացածի մասին։
Կարծում եմ, որ «Գործ կա, բայց աշխատող չկա» եզրից դժգոհության պատճառներից մեկը սա է։