«Օրենքով գողերը» պատերազմ են սկսել Դեդ Հասանի ժառանգությունը բաժանելու համար

Ռուսաստանում «օրենքով գողերը» նոր քրեական պատերազմ են սկսել. Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) «ժառանգորդները» չեն կարողանում կիսել նրա ակտիվները: Հակամարտության մեջ են մտել Դեդ Հասանի զարմիկ Դմիտրի Ճանթուրիան եւ նրա երբեմնի մտերիկ Էդուարդ Ասատրյանը:
Նրանք երկուսն էլ հավակնում են ստանալ այս տարվա հունվարին Մոսկվայում սպանված Ուսոյանի՝ առաջին հերթին Կրասնոդարի ակտիվները: Մարտին նրանց միջեւ բաց կոնֆլիկտ է տեղի ունեցել: Ճանթուրիայի եւ Ասատրյանի կլանները Մոսկվայի ավտոսերվիսներից մեկի տարածքում հանդիպում են կազմակերպել, որին մասնակցել է մոտ 100 զինված գանգստեր: Փոխհրաձգությունից հնարավոր է եղել խուսափել, սակայն «օրենքով գողերը» ծեծկռտուք են սարքել, որտեղ հաղթող են դուրս եկել Ճանթուրիայի կլանի ներկայացուցիչները, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը:
Ներկայումս երկու հակամարտող կողմերը քրեական աշխարհում միմյանց վարկաբեկող աշխատանքներ են տանում, ինչպես նաեւ ուժեր են հավաքում նոր «պատերազմի» համար: Աղբյուրը չի բացառել, որ շուտով հնարավոր է կրակոցներ հնչեն:
Հիշեցնենք, որ Դեդ Հասանին սպանել էին հունվարի 16-ին, Մոսկվայի «Ստարի ֆաետոն» ռեստորանի մոտ՝ դիպուկահար կրակոցով: Մարդասպանը կրակել էր 6 անգամ, գնդակներից մեկը դիպել էր Ասլան Ուսոյանի գլխին:
Աղբյուրը՝ news.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել