Ազդեցիկ ամերիկացի դեմոկրատ-սենատոր Բեն Կարդինը առաջարկել է Սպիտակ տանը պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ և մտածել ՆԱՏՕ-ում նրա հետագա մասնակցության նպատակահարմարության մասին։ Այս մասին գրում է Politico –ն՝ հղում անելով սենատորի նամակին։
Քաղաքական գործիչը նախազգուշացրել է, որ Ռուսաստանից С-400 հրթիռային համալիրներ ձեռք բերելու Թուրքիայի որոշումը կարող է հարվածել Անկարային, քանի որ այն խախտում է Մոսկվայի դեմ սահմանված Վաշինգտոնի պատժամիջոցային ռեժիմը։
Ինչպես նշել է օրենսդիրը ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հասցեագրված նամակում, անցած ամիս ընդունված օրենքը նախատեսում է պատժամիջոցների սահմանում բոլոր նրանց դեմ, ովքեր խոշոր գործարքներ են իրականացնում Ռուսաստանի պաշտպանական և հետախուզական ոլորտների հետ։
Կարդինն ընդգծել է, որ այդ պատժամիջոցներն ուղղված են ապագայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վրա Ռուսաստանի հարձակումները զսպելուն։



