Բոլոր այն շարժումները, որոնց նպատակն է արդարության հաստատումը, ի սկզբանե դատապարտված են։ Որեւէ շարժում կարող է հաղթանակի հասնել, երբ այդ շարժումն ունի գաղափարական հիմք, նոր պետության կառուցման ծրագիր եւ հասարակության իղձերի ընդհանրական տեսլական, որը պարզ ու հստակ տեսանելի լինի յուրաքանչյուր հայ մարդու համար։ Եվ ուրեմն, ի՞նչ ամենակարևորը չունեին լիդերը կամ լիդերները։ Եվ եթե նույնիսկ այս կոնկրետ դեպքում լիներ հեղափոխություն, և իշխանության գլուխ անցնեին նոր մարդիկ, ապա կրկնվելու էր նույնը` անգաղափարական և նորի կառուցման հետ կապված անծրագիր հաղթանակը` նույնպես պարտություն է։ Ժողովուրդը մեղք չունի։ Ինչ–որ տեղ Րաֆֆին էլ... Գարեգին Նժդեհն իր գրվածքներում ունի այսպիսի հարցադրում` «Ինչպիսի՞ Հայրենիք կունենանք վաղը»: Եվ ինքն էլ ճշգրիտ պատասխանում է իր հարցին` «Ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի եւ հոգու մեջ»: Այսինքն՝ այսօր 10-12 միլիոնի հասնող աշխարհասփյուռ հայ ժողովուրդն իր հայրենիք-Հայաստանի համար արդյոք ունի՞ ընդհանրական տեսլական:
Հայրենիքի ապագայի մտահոգությունը պաթետիկ հայրենասրիության կամ տեսաբանական ասպարեզի խնդիր չէ: Հայրենիքի ապագայի մտահոգությունը եւ կառուցումը հայ մարդու, մեր երեխաների ազատ եւ երջանիկ ապրելու խնդիրն է: Ազգի հավաքական մտահայեցողության մեջ հայրենիքի ապագայի տեսլականը նախեւառաջ ձեւակերպվում եւ հրամցվում է նրա մտավորականության կողմից, եթե իհարկե մտավորականությունն օժտված է հասարակության նկատմամբ սիրո եւ պարտավորության զգացողությամբ, ինչպես նաեւ` ունակ է ընդհանրական ազգային տեսլական ձեւավորել:



