Եթե հարցնենք՝ ո՞րն է ամենաթունավոր սունկը, շատերը կպատասխանեն՝ ճանճասպանը: Սակայն ճանճասպանը մի շարք թունավոր սնկերի ցեղի հավաքական անվանումն է: Այդ ցեղում և, առհասարակ, աշխարհում ամենաթունավոր սունկը համարվում է դժգույն գարշասունկը:

Այս մահացու թունավոր սունկը տարածված է ինչպես Ասիայում, այնպես էլ Եվրոպայում, որտեղ հանդիպում է հուլիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Անփորձ սունկ հավաքողները հաճախ այն շփոթում են ուտելի սնկի, դառնամատիտեղի և շամպինիոնի հետ: Սակայն այն շատ հեշտությամբ մնացած սնկերից կարելի է տարբերել իր ձիթապտղագույն գլխիկի գույնով, ոտիկի սպիտակ օղակով և պատյանի առկայությամբ:

Դժգույն գարշասունկն իր բաղադրության մեջ ունի վտանգավոր տոքսիններ՝ բիոլոգիական ծագման թույներ, որոնցից են ամատոքսինները, ֆալոտոքսիններն ու ամանինը: Թունավոր է ոչ միայն պտղամիսը, այլև սպորներն ու իմպլիանան՝ սնկի՝  գետնի տակ գտնվող մարմինը: Լուրջ թունավորման համար բավական է ուտել սնկի մեկ երրորդը: 1 կգ կշռի համար մահացու թունավոր է համարվում հում սնկի 1 գրամը կամ ամատոքսինի 0.1 միլիգրամը: Այսինքն՝ 7 գ ամատոքսինը բավարար է 70 կգ կշռող մարդուն սպանելու համար: Ջերմամշակումից, սառեցումից հետո անգամ սնկի թունավոր հատկությունները պահպանվում են:

Մեծ վտանգ է ներկայացնում նաև այն, որ թունավորման նշանները երբեմն շատ ուշ են առաջանում՝ սնկի օգտագործումից մի քանի օր անց: Իսկ մինչ մարդը ինչ-որ ախտանիշներ կնկատի, թույնն արդեն քայքայում է լյարդն ու երիկամները:

Դժգույն գարշասնկի թույնը գերազանցում է ամենաթունավոր օձերի թույնի ազդեցությանն անգամ: Եվրոպայի և Ասիայի անտառներում չկա ուրիշ մի կենդանի կամ բույս, որի թույնն այսքան վտանգավոր լինի:

Հետաքրքիր է։ Պատմության մեջ գրանցվել են դեպքեր, երբ դժգույն գարշասնկից թունավորվել են հայտնի մարդիկ: Օրինակ՝ հռոմեական կայսր Կլավդիոսի կինը՝ Ագրիպինան, հրամայել էր խոհարարին այս սնկի հյութը խառնել արքայի կերակրին: Կլավդիոսը վախճանվեց, իսկ Ագրիպինայի որդին գահ բարձրացավ: Կառլոս VI-ը՝ Սրբազան Հռոմեական կայսրության ուժեղագույն կայսրերից մեկը, նույնպես դժգույն գարշասնկի թունավորման հետևանքով է մահացել՝ ուտելով կերակուրը, որի մեջ ավելացված էին այս թունավոր սնկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել