Իրաքյան Քրդստանում առաջիկայում կայանալիք անկախության հանրաքվեին ընդառաջ Իսրայելը հայտարարել է, որ սատարում է սեփական պետություն ստեղծելու քրդերի ձգտմանը:
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 25-ին:
«Իսրայելը կսատարի սեփական պետականություն ունենալու քուրդ ժողովրդի օրինական ձգտմանը»,- ասվում է փաստաթղթում:
Իսրայելի այս դիրքորոշումն ունի մի քանի ռազմավարական թիրախ։ Առաջինը` իսրայելական քաղաքականության նպատակը տարածաշրջանում արաբական պետությունների կազմաքանդումն է, ուժեղ պանարաբական շարժմանը խոչընդոտելը՝ հաշվի առնելով պաղեստինյան ճակատն ու արաբական երկրների «կոալիցիոն» բազմաթիվ պատերազմները հրեական պետության դեմ։
Մի խոսքով` Իսրայելին ձեռնտու չեն հզոր, միասնական, ռազմական ներուժով արաբական հարևաններ` Սիրիա, Լիբանան, Իրաք: Նրանց մասնատումն էթնիկ–կրոնական սահմաններով ձեռնտու է Իսրայելին․ Թել–Ավիվը կարող է առանձին հարաբերություններ հաստատել այդ էթնո–կրոնական նոր միավորումների հետ`ընդդեմ արաբական ազգայնականության և միասնականության։ Իրաքյան Քրդստանը դրա վառ օրինակն է: Իսրայելն, ի դեմս Քրդստանի, հզոր լծակ է ստանում ընդդեմ Իրաքի, Իրանի, Սիրիայի, Թուրքիայի, ինչպես նաև նոր պլացդարմ իր ռազմա–քաղաքական`զենքերի վաճառք, հետախուզական ցանց, տնտեսական ներկայությունն ընդլայնելու համար։
Բացի այդ՝ Իսրայելն Իրաքյան Քրդստանին կարող է օգտագործել Իրանին տարածաշրջանում, առաջին հերթին՝ Իրաքում զսպելու համար՝ հաշվի առնելով Թեհրանի հզոր ազդեցությունը Բաղդադի շիական իշխանությունների վրա։ Իսրայելը փորձում է խախտել «շիայական առանցքի» ձևավորումն Իրան–Իրաք–Սիրիա–Լիբանան ուղղության վրա։ Իրանում նույնպես առկա է քրդական խնդիրն ու քրդական փոքրամասնություն․ դոմինոյի էֆեկտով Իրաքյան Քրդստանի անկախությունը կարող է անջատողական աճ բերել Իրանի էթնիկ–կրոնական տարածաշրջաններում։
Իրաքյան Քրդստանը հարուստ է նավթով և գազով, Իսրայելն ունի նաև էներգետիկ այլընտրանքների կարիքը, բացի այդ՝ աշխարհաքաղաքական արագ փոփոխություններն ու Մեծ Մերձավոր Արևելքի ձևավորումը սարերի հետևում չեն, իսկ Իսրայելն այն պետությունն է, որն ունի գլոբալ շահեր․ նոր հենարանի, պլացդարմի գոյությունը Մերձավոր Արևելքի սրտում բխում է հրեական պետության ռազմա–քաղաքական շահերից։