Առաջնորդները մշտապես կաշկանդված են «պարտությունը որբ է, իսկ հաղթանակը շատ ծնողներ ունի» բանաձևի կապանքներով: Ընդ որում, այս բանաձևը հավասարապես կիսում են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր առաջնորդները: Ցանկացած հաջողության սեփականաշնորհման գրքույկի համար թիմակիցները հոշոտում են միմյանց, մինչդեռ առաջնորդների պարտության դեպքում, որպես կանոն, նրանց ուղղությամբ առաջին քարը հենց թիմակիցներն են նետում...
Րաֆֆի Հովհաննիսյանի անակնկալ հաջողությունը նրա շուրջ համախմբեց քաղաքական վտարանդիների, իշխանությունների հետ գենետիկ անհամատեղելիություն ունեցող անհատների, հիմնական խաղացողների չառաջադրվելու հետևանքով բեկորված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մի խայտաբղետ բազմություն: Քանի որ միավորումը հապճեպ և արհեստական էր, Ազատության հրապարակում մշտապես առկա էին տարակարծություններ, որի պատճառով, թերևս, շարժումը ինստիտուցիոնալ կառույցի չվերածվեց: Որոշ քաղաքական ուժեր, իհարկե, փորձեցին օգտագործել ստեղծված աննախադեպ ռեսուրսը, սակայն ընդդիմադիր դաշտի սեփականաշնորհման համար մղվող պայքարում Րաֆֆին զիջման չգնաց՝ թերևս չցանկանալով իր հաջողությունը սկուտեղի վրա մատուցել այլ ուժերի, և բացառիկ հնարավորությունը՝ միասնական ընդդիմադիր դաշինքով հաղթել Երևանի ավագանու ընտրություններում, որի արդյունքը անխուսափելիորեն կլիներ իշխանություններին մաքսիմալ զիջումներ պարտադրելը, փոշիացավ...
Ժամանակին բազմաթիվ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ փորձեցին Րաֆֆի Հովհաննիսյանին հուշել ելքեր՝ ստեղծված իրավիճակից, սակայն գործողությունների ծրագրի բացակայության հետևանքով առաջացած ցայտնոտային իրավիճակը իր հետևից բերեց սխալների և թերացումների մի ամբողջ շղթա, որի հանգուցալուծումը եղան ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայի իրադարձությունները: Մինչդեռ նախքան ապրիլի 9-ի հանրահավաքը պետք էր հասարակությանը նախապատրաստել, որ Նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը քաղաքական ակցիա է, ոչ թե կտրուկ հեղափոխական գործողությունների մեկնարկ...
Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած շատ գործիչներ, փոխանակ նրան կոնկրետ լուծումներ հուշելու, հորինում էին դավադրության տեսություններ և անխոնջ պայքար էին մղում ֆեյսբուքյան պատերի տակ՝ փորձելով ոչնչացնել այն առողջ հատիկը, այն ֆեյսբուքյան ակտիվը, որը բողոքում էր շարժման թերացումների դեմ: Ընդ որում՝ դա ազնիվ, առանց սեփական շահերի հաշվարկման բողոք էր, որովհետև հասարակական այդ ակտիվը ստիպված էր պայքարել հավասարապես իշխանական և հարթակային ընդդիմության միջակայքում՝ երկու կողմից էլ հարվածներ ստանալով: Իսկ «հավատարիմները» ապրիլի 9-ի իրադարձություններից հետո կա՛մ սուսուփուս ծլկեցին, կա՛մ առաջինը վերցրին Բրուտոսի դանակը...
Այս գորշ ֆոնի վրա ինձ համար լուսավոր կետ էր Սանասարյան Դավիթի այսօրվա հայտարարությունը: Անկախ նրանից, որ հաճախ մենք չենք կիսում միմյանց տեսակետները, ես հպարտացա, որ նախագահական ընտրություններից հետո մշտապես իր վրա կրելով շարժման «սև գործի» ողջ ծանրությունը՝ նա այսօր հայտարարեց, որ չի լքում իր առաջնորդին: Ինձ համար մարդու այս տեսակը, անկախ նրանից, որ քաղաքական տարաձայնություններ ունենք, թանկ է և գնահատելի...
Իսկ նրանք, ովքեր Րաֆֆուն «փուռը տվեցին» և փախան, այսօր տարբեր նշանակետերից նրա դեմ քարեր նետելու փոխարեն ժամանակին նրան հուշեին, որ քաղաքական գործունեությունը առանց հստակ «ճանապարհային քարտեզի» ավազի վրա կառուցված շենք է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել