ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավելյալ պատժամիջոցեր է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ փոխանցում է Interfax-ը։
Նշվում է, որ ԱԽ բոլոր 15 անդամները միաձայն աջակցել են փաստաթղթին անցած գիշեր։
Բանաձևը նախատեսում է Փխենյանի կողմից նավթամթերթի գնման սահմանափակում՝ տարեկան մինչև 2 մլն բարել։ Սահմանափակվում են նաև նավթի հումքի ներկրումը վերջին 12 ամիսների մակարդակի վրա և սահմանվում է արգելք դեպի Հյուսիսային Կորեա հեղուկացված բնական գազի և գազային կոնդենսանտի մատակարարումների վրա։
Փաստաթուղթը նաև նախատեսում է լիարժեք արգելք Հյուսիսային Կորեայից տեքստիլ արտադրանքի արտահանման վրա և արգելում է աշխատանքի նոր թույլտվությունների տրամադրումը հյուսիսկորեացի աշխատողների համար։
Ի սկզբանե ԱՄՆ-ը պատրաստել էր ավելի կոշտ միջոցառումներ, ընդհուպ մինչև նավթային էմբարգո և պատժամիջոցների սահմանում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ։



