Այն մարդիկ, ովքեր օրական երկու ժամից ավել են անցկացնում համակարգչի առջև, ի վերջո, բախվում են համակարգչային համախտանիշի հետ: Բանն այն է, որ համակարգչի հետ աշխատելիս աչքերը գտնվում են ծանրաբեռնվածության տարբեր աստիճանների տակ: Աչքերի վրա ազդում է նաև համակարգչի էկրանի արհեստական լուսավորությունը, որն արձակում է կապտամանուշակագույն սպետկտրի ակտիվ ճառագայթներ: Դրանք վտանգավոր են հատկապես աչքի ցանցաթաղանթի համար, կարող են հանգեցնել կատարակտի ու վնասել աչքի արյունատար անոթները:
Էկրանի պայծառ լույսը, սենյակի ոչ ճիշտ լուսավորությունը, համակարգչի առջև նստելու ոչ ճիշտ դիրքն ու հեռավորությունը, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող աչքի հիվանդությունը (օրինակ՝ աստիգմատիզմ, հեռատեսություն, կարճատեսություն), սրանք բոլորը կարող են համակարգչային համախտանիշի առաջացման պատճառ դառնալ:
Համակարգչային համախտանիշի ախտանիշները երբեմն անհետանում են այն պահին, երբ դուք անջատում եք համակարգիչը, սակայն հաճախ տհաճ զգացողություններն իրենց դեռ երկար են զգացնել տալիս աղոտ պատկերի ու աչքերի կարմրության տեսքով:
Որպեսզի համակարգչի առջև աշխատելիս տեսողության հնարավոր խնդիրները հասցվեն նվազագույնի, անհրաժեշտ է հետևել հինգ հասարակ կանոնների:
1. Մոնիտորի դիրքը
Համարվում է, որ մոնիտորը պետք է տեղադրված լինի աչքերից 15-20 աստիճան ներքև՝ 50-70 սմհեռավորության վրա:
2. Լուսավորություն
Համակարգչի մոնիտորը պետք է այնպես տեղադրել, որպեսզի դրա վրա պատուհանից կամ լուսամփոփից լույս չընկնի, հակառակ դեպքում լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծվի աչքերի համար: Տարածքի լուսավորությունը պետք է լինի բավարար և բաշխված լինի հավասարաչափ:
3. Աշխատանքային վայրը
Սեղանի լուսամփոփը պետք է տեղադրել համակարգչի ձախ մասում: Եթե աշխատելու ընթացքում դուք օգտագործում եք գրքեր, փաստաթղթեր, ապա խորհուրդ է տրվում դրանք տեղադրել հենց ձեր դիմաց, որպեսզի ստիպված չլինեք գլուխն անընդհատ թեքել մեկ թղթերի, մեկ համակարգչի էկրանի ուղղությամբ:
4. Հանգիստ աչքերի համար
Համակարգչի հետ աշխատելու ընթացքում ամեն երկու ժամը մեկ աչքերին հանգիստ տվե՛ք (մոտ 15-20 րոպե): Նաև կարևոր է ամեն 20 րոպեն մեկ 20 վայրկյանանոց դադարներ տալ և հեռուն նայել: Աչքերի չորության կանխարգելման համար ավելի հաճախ թարթեք աչքերը:
5. Կարոտինոիդներ և վիտամիններ
Արհեստական լույսի բացասական ազդեցություններից կպաշտպանի կարոտինոիդ լյուտեինը՝ աչքի ցանցաթաղանթի գլխավոր պիգմենտը: Այն հավաքվում է աչքի բյուրեղի ու ցանցաթաղանթի կենտրոնական մասի մեջ և կատարում է լուսային ֆիլտրի դեր՝ աչքի կառուցվածքը պաշտպանելով արհեստական լույսի առավել վտանգավոր կապույտ սպեկտրից: Լյուտեինը սինթեզվում է օրգանիզմում, ինչպես նաև մտնում է հատուկ համալիրների բաղադրության մեջ կամ օրգանիզմ է ներթափանցում սննդի միջոցով: Խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի բուսական համալիրներ, որոնց բաղադրության մեջ մտնում են А, Е և С վիտամիններ, քանզի այս վիտամինները պահպանում են ձեր աչքերի առողջությունը:
Աղբյուրը՝ Doctors.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել