Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հասանովը Իսրայել է մեկնել այդ երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրավերով։ Հասանովը կայցելի Իսրայելի զինված ուժերի հրամանատարական և կառավարման կենտրոն, ինչպես նաև ռազմա-արդյունաբերական ձեռնարկություններ։
Իսրայելը շարունակում է մնալ Ադրբեջանի ռազմավարական, ռազմա-տեխնիկական կարևորագույն գործընկեր։ Չնայած Իրանի բացասական արձագանքներին`ադրբեջանա-իսրայելական ռազմա-քաղաքական, տնտեսական դաշինքը շարունակում է ամրապնդվել։
Բաքուն ղարաբաղյան հարցը ցանկանում է լուծել ռազմական ճանապարհով։ Այդ ուղղությամբ իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը կհամագործակցի ցանկացած երկրի հետ` Իսրայել, Պակիստան, Ուկրաինա`անտեսելով Թեհրանի, Մոսկվայի կամ այլ կենտրոնի «մեսիջներն» ու նախազգուշացումները։
Հետաքրքիր զուգադիպությամբ Հասանովի՝ Իսրայել մեկնելը համընկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներելու հրամանի հետ։
Հրամանագրում նշված է, որ Ալեքսանդր Լապշինին ներում են Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն:
2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սեւ ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին հանձնելու մասին: Բաքվի դատարանը Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման:
Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները, նշել էր, որ այդ հարաբերություններՆ այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին: Այսինքն` այդ հարաբերությունները ավելի խորն են, քան կարելի է դատել բաց տեղեկատվական աղբյուրներում հայտնվող ինֆորմացիայից:
Պետք է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը դրականորեն նպաստում են Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները:
Այսպես, Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ՝ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շելյանու» թերթերը:
Երկրների հարաբերություններում համագործակցության կարևոր ոլորտն էներգետիկ փոխգործակցությունն է: Իսրայելի կարիքների համար ներմուծվող էներգակիրների 45%-ն ունի ադրբեջանական ծագում, նաև նախատեսվում է, որ Իսրայելը մոտակա 10 տարիների ընթացքում, նավթին զուգահեռ, Ադրբեջանից կգնի նաև 12 միլիարդ խմ գազ: