Լավ կլինի, որ բոլորն էլ կարդան և իրազեկված լինեն: Ո՞ր դեպքերում են արգելվում հավաքներ կազմակերպելը կամ անցկացնելը:
Հավաքն արգելվում է, եթե`
1) հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.
2) անձը, սույն օրենքի համաձայն, չունի հավաք կազմակերպելու իրավունք.
« 3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը»,
4) հավաքն անցկացվելու է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից կամ գազի ստորգետնյա պահեստարաններից կամ դրանց սպասարկման կառույցներից կամ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց անվտանգությանը։
Եթե առկա են վերոգրյալ 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերը, ապա լիազոր մարմինն արգելում է հավաքը: Արգելված հավաքին մասնակցելու քարոզչությունն արգելվում է:
Օրենսդիրը նախատեսել է նաև որոշակի սահմանափակում կապված հավաքի ընթացքի հետ: Օրվա որոշակի ժամերին (ժամը 22.00-ից մինչև 8.00-ն) բնակելի շինություններին, հիվանդանոցներին, գիշերօթիկ դպրոցներին և գիշերելու համար նախատեսված այլ շենքերին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով։
Հավաքի մասնակիցը պարտավոր է`
1) հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ.
2) կատարել հավաքի ղեկավարի, կարգադրիչների՝ կարգ ու կանոնի պահպանման վերաբերյալ ցուցումները.
3) ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն.
4) հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.
5) հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.
6) չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։
Ոստիկանությունը`
1) պարտավոր է հավաքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո անհապաղ նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմնին,
2) պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը հավաքին,
3) պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն,
4) պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։
2. Եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխով նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։
Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։
Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու պահանջով դիմում է հավաքի ղեկավարին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։
Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության մասին։
Եվրոպական դատարանը բազմաթիվ անգամ է իր նախադեպային որոշումներում անդրադարձել այն հարցի պարզաբանմանը, թե որ դեպքերում պետության իշխանությունները իրավունք ունեն միջամտելու հավաքի անցկացմանը, արգելել կամ որևէ կերպ խոչընդոտեն հավաքների անցկացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել