Թուրքիայում ֆիլմ են նկարել հայուհու և թուրք երիտասարդի կիսատ սիրո պատմության մասին, որը երեկ մեծ էկրաններ է բարձրացել: «Կարծում եմ՝ ֆիլմը կստիպի հուզվել թե՛ հայերին, թե՛ թուրքերին: Իսկ եթե այս երկու երկրների ներկայացուցիների մոտ միևնույն տեսարանը կարող է հուզմունք առաջացնել, ուրեմն՝ դեռևս երջանիկ ապագայի հույս ունենք»,- հայկական կայքերից մեկին տված հարցազրույցում նշել է ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած, Հայաստանի համար անհայտ հայազգի դերասանուհի Իսկուհի Բալջյանը, ով ասում է, որ ամբողջ դերասանական կազմի մեջ ազգությամբ հայ միայն ինքն է եղել:
Նորմալ է, արվեստը սահմաններ ու ազգություն չի ճանաչում, ու եթե հայ աղջիկը նկարվել է թուրքական ֆիլմում, դրա մեջ ողբերգական բան չկա: Այլ է խնդիրը, երբ ֆիլմը քաղաքական ենթատեքստ ունի, որի վրա 21-ամյա դերասանուհին, համոզված եմ, չի էլ սևեռվել: Իսկ ենթատեքստը հետևյալն է. դե, լավ էլի, այ հայեր, հերիքա ցեղասպանության ճանաչում պահանջեք, ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ կոտորած, էս ո՞ր դարնա, մոռացե՛ք, եկեք լինենք բարեկամներ, բա ափսոս չի՞ էս ջահելների սերը: Թող հայի ու թուրքի սենց սիրուն սիրո պատմություններն էլ շատանան, ու հայ աղջիկները շարունակեն թուրքի համար առողջ ու լավ գենետիկայով երեխաներ ունենալ (սա շատ հստակ երևում է ֆիլմի թրեյլերներից ու համացանցում հայտնված հատվածներից):
Ու հիմա հայկական մամուլում այս ֆիլմին են անդրադառնում, դե իսկ մի քանի դեռահաս, Մարիամ Մելիքյանի ֆանատկաներ էլ քոմենթներ են գրում, որ հրաշալի զույգ են աղջիկն ու տղան, ախր ինչի՞ պիտի նրանք միասին չլինեն ինչ-որ մի «ԵՂԵՌԻ» պատճառով, չէ՞ որ կյանքը շարունակվում է: Ու ցավալին այն է, որ այսպես մտածողների թիվն արդեն շատացել է: Շատացել են թուրքական սերիալներ նայող ու այդ մասին սիրով ստատուսներ գրողները, թուրքական սերիալներից պլագիատ անող հայկական սերիալ ստեղծողները, թուրքական հագուստ կրողները, Թուրքիայում հանգստացողները, թուրքերի ականջին հաճելի երգեր երգողները... Ու մինչ մեր ազգը զբաղված է այս ամենով, թուրքը շատ հանգիստ իր ֆիլմի սաունդթրեքը հայկական դուդուկի նվագն է դարձնում, հային ներկայացնում է վայրագ ու հիշաչար, թուրքին՝ բաց ու աշխարհիկ, հայ աղջկան՝ կամակոր ու ծնողներին հակառակվող, թուրք տղային՝ պատվախնդիր ու ասպետ…
Ինչ ասես… Շարունակե՛ք նույն տեմպերով քարոզել թուրքական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, դուք ճիշտ ուղու վրա եք, եթե, իհարկե, նպատակ ունեք մոտ ապագայում հաճախակի մասնակցելու թուրք տղայի ու հայ աղջկա հարսանիքների:
Դե իսկ հայ դերասանուհուն էլ չէր խանգարի, որ հարցազրույցներ տալիս ամբողջ հայ հանրության անունից ենթադրություններ չանի, քանի որ Հայաստանում չի ապրում ու չգիտի՝ իրականում ինչ ապրումներ ունի հայը՝ ցեղասպանության թեմայի հետ կապված: