Hayeli.am-ը գրում է.
Հրազդանի քաղաքապետ, տխրահռչակ Արամ Դանիելյանի անչափահաս որդին՝ Ռազմիկը, կասկածվում է 2017 թվականի հունիսի 8-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 58-ամյա քաղաքացուն մահացու ելքով վրաերթի ենթարկելու մեջ: Վրաերթը կատարվել էր Հրազդանի քաղաքապետի ծառայողական մեքենայով, ղեկին եղել էր քաղաքապետի անչափահաս որդին: Այս պատահարի հետևանքով 4 երեխա որբ են մնացել, հարուցված գործն էլ նախաքննության փուլում է:
Ռազմիկ Դաինելյանի քաղաքապետ հայրը, ով, իր պաշտոնական դիրքը չարաշահելով, համայնքին պատկանող ծառայողական մեքենան անչափահաս որդուն էր տվել, շարունակում է վայելել պաշտոնը: Տեղի ունեցածի համար ո՛չ նա, ո՛չ նրա որդին պատասխանատվություն չկրեցին:
Հակառակը՝ պատահարից կարճ ժամանակ անց Հրազդանի ավագանին քաղաքային բյուջեից 6,2 մլն դրամ գումար հատկացրեց՝ Արամ Դանիելյանի համար ծառայողական նոր մեքենա գնելու նպատակով: Ստացվեց, որ քաղաքապետի որդու անդաստիարակ պահվածքի համար վճարեց համայնքը:
Ու սա էլ բավարար չէ, հարուցված քրեական գործի քննություն դեռ չավարտված՝ նախագահ Սերժ Սարգսյանը Արամ Դանիելյանի որդուն պարգևատրում է ոսկե մեդալով՝ դպրոցը գերազանց ավարտելու և օրինակելի վարքի համար։
4 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, դարձյալ Կոտայքի մարզում Եղվարդ-Երևան մայրուղու վրա տեղի էր ունեցել ավտովթար՝ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ: Դժբախտ պատահարի հետևանքով երկու երիտասարդներ մահացել էին, կային վիրավորներ, ինքը՝ դերասանը, ստացել էր մարմնական վնասվածք: Այն ժամանակ Էրեբունի հիվանդանոցում կատարված վիրահատությունից անմիջապես հետո դերասանին պատգարակով տարան ուղիղ մեկուսարան: Թեպետ կային հիմնավոր ապացույցներ, որ Վարդան Պետորսյանը երթևեկության կանոնների խախտում չի կատարել, վթարի մեղավորը երկրորդ կողմն էր, այնուամենայնիվ, դատարանը դերասանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման: Չնայած Վարդանի առողջական վիճակը բավարար չէր, նա խնամքի և բուժման կարիք ուներ, նախաքննական մարմինը հրաժարվեց նրա նկատմամբ նախաքննության փուլում որպես խափանման միջոց կիրառել ստորագրությամբ չբացակայելու տարբերակը, ինչն այժմ արվել է Հրազդանի քաղաքապետի որդու պարագայում:
Փաստորեն, վթարից հետո դերասանին տարան բանտ, իսկ քաղաքապետի որդուն՝ նախագահական՝ ոսկե մեդալ տալու: Ստացվում է, որ մեր երկրում չկան լավ ու վատ օրենքներ, այլ կան պատժվողներ ու արտոնյալներ:
Ահա այսպիսի արդար ու բարոյական Հայաստան: