Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում Աշոտ Ղուլյանը պատգամավորներին է ներկայացրել առաջիկայում սպասվող խորհրդարանական աշխատանքները, մասնավորապես՝ անդրադարձել ԱԺ հատուկ նիստին, որը հրավիրվում է սահմանադրության պահանջով: Այս առթիվ, կանոնակարգային դրույթներին համապատասխան, հրապարակվել է ԱԺ նախագահի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձման համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվելու է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում»:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների` օրենսդրական նախագծերի պատրաստվածության ու միջխորհրդարանական կապերի բնագավառում սպասվող ծրագրերի վերաբերյալ: