Պետք է խոստովանեմ, որ մինչև վերջերս անձնապես բավականին լավ էի տրամադրված Վահրամ Միրաքյանի ու նրա նախագծերի նկատմամբ։ Միրաքյանը մոտս լավատեսություն էր առաջացնում ու ոգևորում էր իր ծրագրերով, որոնցից ռեալիզմի ու պրագմատիզմի հոտ էր գալիս։ Սակայն այդ բարյացակամությունը մեծ հարցականի նշան ստացավ այն բանից հետո, երբ դիտեցի Միրաքյանի վերջին հարցազրույցը ոմն Ջորջ Տաբակյանի հետ, ով մեղրի բիզնեսով է զբաղվում, այն էլ՝ ՀՀ սահմանամերձ գոտիներում։

Պատկերացրե՛ք, թե ինչ տհաճ անակնկալ էր ինձ համար, երբ արդեն մի քանի րոպե սույն սփյուռքահայ «բարերարին» լսելուց հետո հստակ հասկացա, որ նա մի սովորական շառլատան ու «քցող» է, ով մակաբույծի պես հարստահարում է սահմանամերձ գոտում ապրող մեղվապահներին, և դա էլ դեռ հերիք չէ, իր ստորությունը փորձում է հրամցնել մեզ որպես մեծ բիզնես ձեռքբերում ու հայրենանվեր գործ։ Ու ի՞նչն է էլ ավելի մեծ տարակուսանք առաջացնում․ Վահրամ Միրաքյանը, ըստ էության, օգնում է նրան՝ հարթակ տրամադրելով, ու դա շատ վատ է, քանի որ Վահրամն ունի լսարան, որն իրեն վստահում է, երբեմն էլ՝ անվերապահորեն։ Հիմա հնարավոր է, որ լսարանում լինեն ինձ պես մարդիկ, ովքեր կրիտիկական ընկալում ունեն ու խորանում են տեղեկատվության մեջ, իսկ ի՞նչ, եթե մարդն ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունի։ Տվյալ թողարկման դեպքում դա կնշանակի, որ ինչ-որ թվով մարդիկ չեն հասկանա, որ իրականում սրիկայությունն իրենց վրա խուրդում են որպես բիզնես արվեստ ու դեռ մի բան էլ ավել՝ հայրենանվեր գործ, բարեգործություն։

Որպեսզի դեկլարատիվ չհնչեն ասածներս, եկե՛ք խորանանք ու հասկանանք, թե ինչ է ասում սփյուռքահայ «բարերարը», ու ինչու եմ ես ասում, որ նա սրիկայաբար ստում է և աղավաղում իրականությունը։

Картинки по запросу ջորջ տաբակյան

Սկզբում ամեն բան, կարծես, կարգին է, ու մարդը պատմում է, որ կայք է ստեղծել՝ Honey.am, որը մի քանի լեզուներով է ու շատ ուժեղ բան է։ Օքեյ, ասեցի՝ մտնեմ, նայեմ։ Սովորական կայք է, սակայն մի տարօրինակություն ունի․ ոչ մի տեղ գներ նշված չեն՝ ո՛չ մանրածախ, ո՛չ մեծածախ։ Սա արդեն իսկ տարօրինակ թվաց։ Շարունակելով լսել՝ իմանում ենք, որ անգամ Ճապոնիա է արտահանել։ Wooooow! Սա առաջին արձագանքդ է լինում։ Հետո, երբ շարունակում ես լսել, հասկանում ես, որ խոսքն ինչ-որ սիմվոլիկ խմբաքանակի մասին է, ու ինչպես հասկացա, Ճապոնիայում 1 խանութում են վաճառքի դրել նրա ապրանքը, մի երկու անգամ էլ կայքի լինքն են շեյր արել Ֆեյսբուքում։ Այսինքն՝ նույն հաջողությամբ կարելի է գնալ Ավստրալիա, Կանադա, Զիմբաբվե ու Անտարկտիդա, մի երկու բանկա տալ այդտեղ գործող վաճառակետերում իրացման համար ու հայտարարել, որ ապրանքդ արտահանում ես աշխարհով մեկ։ Մինչդեռ նման ամպագոռգոռ հայտարարությունը, ինչպիսին է «Մենք հայկական մեղրը Ճապոնիա ենք արտահանում», ենթադրում է որոշակի մասսայականություն, ոչ թե սիմվոլիկ խմբաքանակ ու հատուկենտ վաճառակետեր։
Похожее изображение

Ինչևէ, վերոգրյալը դեռ չարյաց փոքրագույնն է։ Երբ խոսակցությունը հասնում է գնային քաղաքականությանը, անգամ Միրաքյանն է դժվարությամբ զսպում իր տարակուսանքը, որովհետև առավել քան վստահ եմ, որ ում-ում, բայց Միրաքյանի համար առավել քան պարզ է դառնում, որ իր դիմաց նստած է սովորական «քցող» ու շառլատան մեկը։ Երբ խոսքը գնում է մեղրի մթերման գների մասին, Տաբակյանը սկզբում սկսում է ամենասովորական ու տափուկ ձևով կռուտիտ լինել, թե բա՝ դա կոմերցիոն գաղտնիք է, բայց երբ Միրաքյանը մի քիչ սեղմում է, պարզվում է, որ «մեծն բարերարը» մեղր է մթերում միջինը 1500 դրամ՝ կիլոգրամի դիմաց։ Լսո՞ւմ եք․․․ 1500 դրամ․․․

Ու այդ հատվածից սկսած՝ յուրաքանչյուր ադեկվատ մարդու մազեր կսկսեն բիզ-բիզ կանգնել։ Ուրեմն՝ էս սփյուռքահայը․․․  Չնայած, հազար ներողություն բոլոր նորմալ սփյուռքահայերից, բայց սա սփյուռքահայ էլ չէ, այլ դասական ախպար է․․․ Ուրեմն՝ էս ախպարը սկսում է լոլո կարդալ այն մասին, որ իրականում 1500 դրամը շատ նորմալ գին է, այդ հայաստանցի մեղվապահներն են ագահաբար թվեր կրակում։ Շարունակելով ակնհայտ սուտը՝ այս սրիկան առանց աչք թարթելու պնդում է, որ մեղրի կիլոգրամի գները դրսում 4 դոլարի կարգի են (սա ամենաստոր սուտն է, ինչը ես կապացուցեմ ստորև) ու պարզապես անհնար է եկամտով աշխատել, եթե առաջնորդվես շուկայական գներով, որոնք գործում են Հայաստանում։ Իսկ Հայաստանում մեղրի շուկայական գինը միջինում 4000 դրամ է՝ կիլոգրամի դիմաց, իսկ մթերմանը՝ 2500-ի կարգի։
Картинки по запросу մեղվաբուծություն
Ու որպեսզի սրիկայությունն ավելի դյուրամարս դառնա լսողի համար, Տաբակյանը սկսում է ռազմահայրենասիրական պաթոսով պատմել, թե ինչ կարևոր բան է անում՝ 1500 դրամով մեղր մթերելով սահմանամերձ գյուղերում։ Իսկ ցանկացած առարկություն՝ կապված այս գնահաշվարկի հետ, ցրում է՝ հայտարարելով, որ, գիտե՞ք՝ ինչ կա, սիրելի՛ հայաստանցիներ, ձեզ խաբել են, որ հայկական մեղրը որևէ բացառիկ բան ունի ու պետք է ունենա այն գինը, ինչ դուք եք պատկերացնում։ Չէ՞ որ ես այդքան խելացի, դրսերում ապրած ու գործ արած մեկն եմ ու վստահեցնում եմ, որ եթե 1500 դրամից մի դրամ թանկով մթերեմ, ապա տակ կտամ։

Հիմա եկեք ես չոր թվերով ու փաստերով ապացուցեմ, որ Ջորջ Տաբակյան կոչեցյալը ամենասովորական շառլատան ու խաբեբա է, իսկ նրա ընկերությունը լկտիաբար խաբում է հայ գյուղացիներին ու սուպեր գերշահույթներ է ստանում։ Սկսենք Տաբակյանի հնչեցրած թվերից։
Картинки по запросу սահմանամերձ

Ուրեմն՝ սույն պարոնը պնդում է, որ մեղրի գները լուրջ շուկաներում 4 դոլարի կարգի են։ Այս հեղինակավոր ռեսուրսը հստակ տեղեկատվություն է տալիս մեղրի համաշխարհային գների մասին, ու ի՞նչ ենք մենք տեսնում այնտեղ։ Պարզվում է, որ 2017 թվականի օգոստոսի դրությամբ մեղրի միջին մեծածախ գինը աշխարհում կազմում է 5,35 դոլար՝ ֆունտի դիմաց։ Դա իր հերթին նշանակում է, որ կիլոգրամի արժեքը (1կգ-ը հավասար է 2,2 ֆունտի) կկազմի 11,8 դոլար։ Դրամային արտահայտմամբ ստացվում է, որ 1կգ մեղրի մեծածախ գինը աշխարհում կազմում է մոտավորապես 5600 դրամ։ Համեմատեք Տաբակյանի 1500 դրամի հետ։ Տպավորի՞չ տարբերություն է։ Դա Ձեզ է միայն թվում, որովհետև սա դեռ ստի կեսն էր․․․

Բանն այն է, որ, մտնելով Տաբակյանի գովերգած Honey.am կայքը, մենք պարզում ենք, որ նա բանկաների մեջ լցված պրոդուկցիա է իրացնում, ոչ թե մեծածախի գնահաշվարկում կիրառվող մեծ տարաների։ Այսինքն՝ Տաբակյանը վերջնական տեսքի բերած պրոդուկցիա է իրացնում, ինչը նշանակում է, որ պետք է դիտարկել ոչ թե մեղրի մեծածախ գները՝ արտահայտված տոննաներով ու կիլոգրամներով, այլ փորձել պարզել, թե ինչ արժե բանկաներով վաճառվող մեղրը, ասենք, ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլ շուկաներում։ 
Google-ի ամենասովորական ու հպանցիկ որոնման արդյունքները պարզ հուշում են, որ բնական, առանց կոնսերվանտների ու շաքարի մեղրի 1կգ տարայի գինը տատանվում է 15-20 դոլարի սահմաններում՝ կախված նրանից, թե որ երկրի արտադրանք է և որ երկրում է իրացվում։ Այսինքն՝ դրամային արտահայտմամբ՝ մեղրի 1 կիլոգրամանոց տարայի միջին մանրածախ գինը եվրոպական ու ամերիկյան շուկայում կազմում է 7100-9500 դրամ։ 

 

Հիմա եկեք ամենապարզ գնահաշվարկն անենք, թե որքան է նստում մեղրի 1կգ-ոց բանկայի ինքնարժեքը մեր մեծն բարերար Տաբակյանի վրա։ 1500-ով նա մթերում է։ Բանկայի գինը թող կազմի աստղաբաշխական 200 դրամ։ Ենթադրենք, որ մի այդքան էլ բանկայի փաթեթավորման ու դիզայնի ծախսերն են կազմում։ Բոլոր հարկերը, տուրքերը, լոգիստիկ ծախսերն էլ թող կազմեն մի 600 դրամ։ Ու մի անհավանական թիվ եմ ասում, բայց թող աշխատողի վարձատրությունն էլ ամեն բանկայի համար միջինում կազմի 500 դրամ։ Հիրավի, աստղաբաշխական այս հաշվարկով կիլոգրամանոց մեկ բանկա մեղրի ինքնարժեքը Տաբակյանի համար կազմում է 3000 դրամ․․․ Հիշեցնեմ, այս որակի մեղրի նույնիսկ մեծածախ գինը 5600 դրամ է աշխարհում, իսկ արդեն վերջնական պրոդուկտի տեսքով՝ 7100-9500 դրամ։ 
Այսինքն՝ պարոն Տաբակյանը 100% և ավելի մաքուր շահույթ է ունենում ու ունենում է զուտ այն բանի հաշվին, որ ամենաստոր կերպով խաբում է հայ գյուղացուն, այն էլ՝ սահմանամերձ գոտում մեղր արտադրող գյուղացուն, որովհետև մթերում է մեղրը Հայաստանի շուկայական գնից 2,5 անգամ, իսկ համաշխարհային գնից՝ 3,5 անգամ ավելի ցածր գնով։ Եվ երիցս եմ կրկնում, պարոն Ջորջ Տաբակյանն այս ամենատափուկ քցոցին իրականացնում է սահմանամերձ գյուղացիների նկատմամբ, իսկ մեզ նրան մատուցում են որպես խիստ բանիմաց բիզնեսմենի, հայկական մեղվաբուծության էնտուզիաստի ու այլ պուպուշ որակումներով։ 
 
Սակայն Ջորջ Տաբակյանի մեղքերին թող գնահատական տան գյուղացիները, Աստված, մեկ էլ, թերևս, պատկան մարմինները, եթե դրանցում, այնուամենայնիվ, կա նաև հանցակազմ։ Իր մասին ավելացնելու բան չունեմ, քանի որ նմանների պատճառով են առաջանում բոլոր այն նեգատիվ կարծրատիպերը, որ կան սփյուռքահայերի նկատմամբ, ու նմաններին ամենադիպուկը ժամանակին բնութագրել էին «Ոզնիները»՝ «Ամենավերջին տանգոն Փարիզում» հանճարեղ գործում։  
 
Վերջում կուզենայի հռետորական մի քանի հարց ուղղել հաղորդման հեղինակ Վահրամ Միրաքյանին․ չես ամաչո՞ւմ, չես գնահատո՞ւմ քո վարկանիշը։ Չես հասկանո՞ւմ, որ նման կերպարները ոչնչացնում են սոցիալական պատասխանատվություն ասվածը ու զրոյացնում են հավատը, որ կարելի է Հայաստանում նորմալ բիզնես անել առանց խաբելու, «քցելու» ու կողքինին վնասելու։ Չե՞ս կարծում, որ, անկախ նրանից, թե որքան օգտավետ է նման խաբեբաներին հարթակ տրամադրելը, երկարաժամկետ հեռանկարում վնասն ավելի շատ է։ Չէ՞ որ դա էլ է չոր մարքեթինգ․ եթե դու ինձ 10 անգամ որակյալ ապրանք վաճառելուց հետո 1 անգամ փչացած բան խուրդես, ես 10-անգամյա դրական փորձը չեմ հիշելու, այլ՝ 1 բացասականը, ու դրանից տուժելու ես դու, որովհետև կորցնելու ես իմ վստահությունը։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել