«Արտաքին ֆինանսական փոխանցումները Հայաստան հուլիսին ակտիվ են եղել: Աճ է գրանցվել նույն ժամանակահատվածի համեմատությամբ: ԿԲ-ի տվյալների համաձայն՝ բանկային համակարգի միջոցով կատարված փոխանցումները
2016թ. համեմատ ավելացել են 20 տոկոսով: Ընդհանուր առմամբ ստացվել է ավելի քան 175 մլն. դոլար, ինչն այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է:
Նախորդ ամսվա համեմատ մուտքերն ավելացել են շուրջ 28 մլն դոլարով: Դրանից 18 միլիոնը բաժին է ընկել ռուսական շուկային: Բանկային համակարգով Ռուսաստանից ֆիզիկական անձանց փոխանցումները գերազանցել են 114 մլն դոլարը՝ նախորդ տարվա շուրջ 96 միլիոնի դիմաց:
Հուլիսին բարձր է եղել տրանսֆերտների զուտ հոսքը: Դրական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 90 մլն դոլար: Այլ կերպ ասած, ֆիզիկական անձանց արտաքին ֆինանսական փոխանցումների միջոցով ներքին տնտեսությունը 90 մլն դոլարի ներարկում է ստացել: Այն 28,5 միլիոնով գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը: Զուտ հոսքերը ապահովվել են հիմնականում ռուսական շուկայի հաշվին (շուրջ 85,5 մլն դոլար):
Շարունակել է բարձր մնալ ֆինանսական միջոցների արտահոսքը: Հուլիսին դուրս է փոխանցվել գրեթե 85 մլն դոլար՝ նախորդ տարվա 56 միլիոնի դիմաց: Դա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում արտահոսքը 29 մլն դոլարով (կամ 51 տոկոսով) ավելացել է:
Արտահոսքի բարձր ցուցանիշը պահպանվում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Նախորդ տարվա համեմատ Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարված մասնավոր փոխանցումները հուլիսին կրկնապատկվել են՝ կազմելով 11,4 մլն դոլար:
Այս երկրից ստացված շուրջ 14,1 մլն դոլարից զուտ հոսքը եղել է ընդամենը 2,7 միլիոն: Ավելին՝ հուլիսին Միացյալ Նահանգներից ավելի քիչ մուտք է եղել, քան անցած տարի:
ԱՄՆ-ի հետ տրանսֆերտային հոսքերի այն կտրուկ փոփոխությունը, որ նկատվում է այս տարի, որևէ պաշտոնական բացատրություն առայժմ չի ստացել: Տարեսկզբի յոթ ամիսների ընթացքում զուտ ներհոսքը այս երկրից եղել է ընդամենը 11,6 մլն դոլար, ինչը 40 միլիոնով պակաս է նախորդ տարվանից:
Հատկանշական է, որ թեկուզ ոչ մեծ չափով, բայց ֆիզիկական անձանց փոխանցումներն այս երկրից այնուամենայնիվ ավելացել են: Ստացվել է 97,6 մլն դոլար, ինչը շուրջ 1,6 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը: Այդ պայմաններում Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցվել է փոխհոսքերի, այսպես ասած, կտրուկ վատացում: Պատճառը տարեսկզբին սկիզբ առած արտահոսքի աննախադեպ ակտիվությունն է:
Յոթ ամսվա ընթացքում ԱՄՆ է փոխանցվել գրեթե 42 մլն դոլարով ավել գումար, քան 2016թ. նույն ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ, այն կազմել է գրեթե 86 միլիոն՝ նախորդ տարվա 44 միլիոնի դիմաց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: