«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Հանկարծ հարիֆ չլինես, կխաբվես»՝ մանկուց այս նախազգուշացումն եմ լսում և, ճիշտն ասած, միշտ արհամարհել եմ այդ կո­չը: «Հանկարծ չերևամ թույլ, ոչ վճռական, ոչ առնական, ծիծաղելի», «համապատասխանեմ այս դաժան աշխարհի պահանջներին»՝ նման պարանոյիկ վախերով առաջնորդվելը մարդուն մշտական լարվածության մեջ է պամհում, դժբախտ է դարձնում: Իսկ կյանքն այն­քանով է դաժան կամ բարի, տխուր կամ ու­րախ, որքանով ես եմ այն կերտում:

 

Այս ընդհանուր սկզբունքը ձևակերպելով՝ բե­րեմ «խաբվելու» մի օրինակ: Ինչպես հայտնի է, խաբելն ու «ֆռացնելը» հայաստանյան մշակույթի անբաժանելի մասն է: (Հատուկ եմ նշում՝ հայաստանյան, ոչ թե հայկական, որովհետև հայը, օրինակ, Գերմանիայում դժ­վար թե համարձակվի նման վարք դրսևորել): Դա առնվազն տասնամյակների ավանդույթ է՝ իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում ես այդ երևույթի ականատեսն եմ: Մասնավորապես, խաբելու և «ֆռացնելու» վիրտուոզ վարպետ­ներ են մեր արհեստավորները: Խնդրի լուծումը ոչ թե այդ խեղճ մարդկանց փնովելն է, այլ  «սպիտակ», պայմանագրային հարաբերու­թյուններ հաստատելը: Ես զանգահարում  եմ, ենթադրենք, վերանորոգում իրականացնող ընկերություն, գրավոր պայմանավորվում եմ աշխատանքի մասին, փոխանցում եմ «սպի­տակ» գումար, ստանում եմ անդորրագիր կամ ՀԴՄ կտրոն, իսկ պայմանագրի մեջ գրված է. աշխատանքը կատարվում է, ասենք, 10 օրում, որի համար վճարվում է 10X գումար, իսկ եթե տևի 11 օր, ապա ինձ վերադարձվում է X գումար, եթե տևի 12 օր, ապա վերադարձվում է 2 X գումար և այլն:

 

Քանի որ մենք այդ, ինչպես ասում են, «ինստիտուցիոնալ» լուծումից շատ հեռու ենք, իրա­կան հայաստանյան շփումներում կա երկու տարբերակ: Առաջինը՝ ամեն օր «բազար անել» վարպետի հետ, թե ինչու նա չի արել այս կամ այն գործը, և լսել նրա պատմություններն այն մասին, թե ինչպես է նա հեր­թական անգամ գնացել հերթական բարեկամի կնունքին կամ թաղմանը: Այդ դեպքում ես պետք է համատեղեմ Շերլոկ Հոլմսի և Վիշինսկու հատկությունները: Երկրորդ տարբերա­կը «խաբվելն» է, որը և գերադասելի է ինձ համար: Քանի որ չկան չխաբվելու հստակ իրավական մեխանիզմներ, ապա, մեծ հաշ­վով, մնացած բոլոր գործողությունները (այդ թվում՝ «բազար անելը») խաբեություն է կամ ինքնախաբեություն:

 

Թող մտածեն, որ ես «հարիֆ» եմ: Երբեք, ոչ մի հարցով չեմ ձգտել «թրենդի մեջ» լինել»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել