Երբ քննության ես նախապատրաստվում, անկախ քեզանից` եղունգներդ ես կրծում, սկսում է ցավել որովայնդ. արդյոք արժե՞ այդքան մտահոգվել: Այո, քննությունը խաղ ու պար չէ, բայց դատավճիռ էլ չէ: Հարյուրավոր տոմսեր սովորելը և այդ ամենը մտապահելը հեշտ չէ: Հիշիր, երբ պետք է որևէ խնդիր լուծել, պարզապես անհրաժեշտ է գտնել հարցի մոտեցման բանալին. այս դեպքում` դասախոսին քո կողմը գրավելու և նրա համակրանքին արժանանալու միջոցը: Չէ՞ որ վիրավորական է. մի քանի ամիս տանջվում ես գրքերի և դասախոսությունների վրա, իսկ վերջում հայտնվում կոտրած տաշտակի առաջ. այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի:

 

Տրամադրիր ինքդ քեզ

Մոռացիր դասախոսի կամ քննության մասին ասված բոլոր տհաճ պատմությունները: Ինքդ քեզ ասա. «Այսքան տարի դպրոցում գիրք եմ կրծել, լրացուցիչ պարապմունքների հաճախել, իսկ հիմա իմացածս ցուցադրելու ճիշտ ժամանակն է. ես կարող եմ»: 

 

Քննությունը սկսված է

Մտնում ես քննասենյակ, տոմս վերցնում և պատրաստվում: Սովորաբար քննասենյակում լինում է 4-5 ուսանող, և մինչև հերթը քեզ է հասնում, կես ժամից մինչև մեկ ժամ անցնում է: Դա լիովին բավական է գրառումներ, նշումներ, գծագրեր անելու և, ամենակարևորը, մտքերդ հավաքելու համար:

Ի՞նչ պետք է անել

Պետք է լսարան մտնել վստահ, առանց շփոթվելու ու վախենալու (դասախոսներն էլ մարդ են), աշխատիր ավելորդ հարցեր չտալ: Ուշադիր կարդա հարցերը, քանի որ երբեմն սխալ են ընկալում հարցն ու զուր ժամանակ վատնում: Խոսիր վստահ, ձայնի միջին բարձրությամբ և հանդարտ: Պատասխանել սկսիր այն հարցից, որն ավելի լավ գիտես: Մի հուսահատվիր, եթե քեզ թվում է, թե ոչինչ չգիտես կամ չես հիշում: Փորձիր մտածելով արտահայտվել, եթե պատկերացում ունես առարկայի մասին, ինքնուրույն կարող ես գլխի ընկնել` ինչից խոսել: Պետք չէ հարցին պատասխանել` սկսելով աշխարհի արարումից, մի քանի ստույգ փաստերը, թվերն ու իրադարձությունները ներկայացնելն ավելի մեծ տպավորություն են գործում: Բայց և եզրահանգումներից էլ չպետք է սկսել: Չմոռանաս գրառումներ անել, երբեմն կտրվում է մտքի թելը, իսկ մաքուր թուղթը կվկայի ավելորդ ինքնավստահությանդ և առարկայից անտեղյակությանդ մասին:

Մի քանի  «չի  կարելի»-ներ

Քննասենյակ մտնելուց առաջ մի ծխիր, հնարավոր է` դասախոսդ խստիվ դեմ է ծխելուն կամ այդ հոտից ալերգիա ունի:

Քննասենյակ մտիր առանց մաստակ ծամելու:

Օծանելիք մի օգտագործիր: Հոտը դավադիր բան է: Հնարավոր է` սիրելի օծանելիքիդ նկատմամբ դասախոսդ ալերգիա ունի կամ տանել չի կարող այդ հոտը: Շատ վառ կամ աչքի ընկնող հագուստով մի ներկայացիր, ուշադիր եղիր սանրվածքիդ և շպարիդ նկատմամբ:

Չտարվես ուրիշների պատասխաններով, միայն եթե համոզված ես, որ պատրաստ ես, կարող ես հետևել մյուսների պատասխաններին, որպեսզի նույն սխալները չկրկնես: Ոչ մի դեպքում չասես. «Գիտեմ, բայց չեմ հիշում», «Դա չենք անցել, իսկ դասագրքում այդ մասին չկար», «Ես համաձայն չեմ հեղինակի հետ», «Առաջին հարցը չգիտեմ, կարելի՞ է երկրորդից սկսեմ», իզուր չէ, որ լավ սկիզբը գործի կեսն է, սկսիր այն հարցից, որը գիտես:

 

 

Խորհուրդներ մասնագետներից

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, մամուլի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը չի բացառում, որ քննության ժամանակ արտաքին տեսքը կարող է որոշակի ազդեցություն ունենալ, թեև առաջնահերթ գնահատվում է ուսանողի գիտելիքը: «Երբ ուսանողը սկսում է պատասխանել, դասախոսը կենտրոնանում է նրա պատասխանի վրա, իսկ արտաքինը երկրորդ պլան է մղվում: Եղել են դեպքեր` աչքի ընկնող հագուկապով դիմորդը շատ լավ է պատասխանել, և հասկանում ես, որ դա մարդու հագնվելաոճն է, ինչը չի կարող ազդել գնահատականի վրա»,- անկեղծանում է դասախոսը:

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում էլ պնդում են, որ դասախոսի խնդիրը չէ, թե ինչպես է հագնված ուսանողը, կարևորը նրա պատասխանն է: Սակայն չի բացառվում, որ եթե ուսանողը սկսի վատ պատասխանել, դասախոսն ակնարկի, որ «ամեն ինչին ուշադրություն դարձնելուն զուգահեռ կարելի էր պարապելու համար էլ ժամանակ գտնել»:

Գրավոր քննությունների մասին մասնագետներն ասում են, որ առաջին հայացքից մեծ տպավորություն է գործում ձեռագիրը: Գրավոր աշխատանք ստուգող դասախոսը քեզ չի տեսնում, նա տեսնում է ձեռագիրդ, և ըստ դրա էլ կարծիք կազմում քո մասին: Միանգամից լավ տպավորություն է գործում գրագետ, գեղեցիկ ձեռագրով, կոկիկ և մաքուր գրված աշխատանքը: Սակայն, եթե տգեղ ձեռագիր ունես, միևնույն է, խելացի մտքերն ու արտահայտություններն իրենց գործը կանեն: Ամեն դեպքում, հաճելի է առանց ջնջումների, պարզ և ընթեռնելի գրված աշխատանքը:

 

 

Նախանշաններ

Սնահավատ ուսանողները մեծ ուշադրություն են դարձնում յուրաքանչյուր մանրուքին. աջ ոտքով են ներս մտնում, իրենց հետ թալիսման են վերցնում. ինչևիցե, դրանք երբեմն օգնում են, չի բացառվում նաև, որ ինչ-որ հրաշք կատարվի և, օրինակ, անվանդ կամ ազգանվանդ շնորհիվ գնահատական ստանաս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել