Ուսանողներ ջան, նոր ուսումնական տարու սկսվելուն բան չմնաց ու «ձյեդավշինայի» չորրորդ կուրսի դիրքերից ուզում եմ մի քանի բան ասեմ, որ ինքներդ էլ եք հասկանալու.
1. Համալսարանում ոչինչ ձրի չի` նույնիսկ այն ինչ «անվճար» է, մի օր պիտի հատուցեք: Եվ ըստ այդմ իմացեք, որ «ձրի Ծաղկաձորն ու Ղարաբաղը» ձեր վրա բարոյապես ավելի թանկ են նստելու հետո:
2. Եթե դուք ընդունվել եք «անվճար» ապա իմացեք, որ դրա իրական անունը «պետպատվեր» է` ձեր կրթվելը պատվիրել ու վճարում է պետությունը, իսկ դուք արդեն էնքան մեծ եք, որ հասկանաք թե դա ինչ պատիվ ա:
3. Հստակ որոշեք թե ինչ եք ուզում դառնաք ու ոչ մասնագիտական առարկաների հաշվին վայելեք ուսանողական կյանքը:
4. Ռազմահայրենասիրական ոչ մի միջոցառման մի մասնակցեք` ձեզ օգտագործում են զոմբիացման նպատակով:
5. Չվախենաք ձեր իրավունքների համար պայքարելուց` ձեզ ոչ ոք չի կարա նեղացնի:
6. Գտեք էն հատուկենտ դասախոսներին ում դասերին հիացմունքից ժպտում եք, գնացեք նրանց հետևից, խոսեք գիտական թեմաներով նրանց հետ իրենց կաբինետներում:
7. Ոչ մի առարկա էնքան վատ չսովորեք, որ հույսներդ արտագրությունը լինի: Վերջում մեծ խնդիրներ կունենաք: Չանեք էդ առաջին արտագրելու փորձը` դա կոկայինի պես բան ա:
8. Չմասնակցեք որևէ հասարակական միջոցառման, որևէ մեկի հետ հանդիպման որով հետաքրքրված չեք` ձեզ դիտում են իբրև գլխաքանակ:
9. Երիտասարդ դասախոսները ձեզ կօգնեն աշխատանք գտնել, եթե դուք իրոք լավն եք ձեր մասնագիտության մեջ: Ընկերություն արեք թարմ ուժերի, թարմ ուղեղների հետ:
10. ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի գրադարանում ընտիր համակարգչային սենյակ ու լավ աշխատանքային մթնոլորտ կա
11. Սեփական նախասիրություններին համապատասխան դեղատուփ ունեցեք ձեզ մոտ )))))
Հատուկ կետ. հենց զգաք, որ դա ձեր մասնագիտությունը չեք ուզում լինի` առանց տարիներն ափսոսալու դուրս եկեք համալսարանից: Ստից դիպլոմը ոչ մեկի չի հետաքրքրելու: Դուք ուրիշ տեղ փայլուն ապագա ունեք:
Շնորհավորում եմ ձեզ, մաղթում, որ դիպլոմայինի պաշտպանությանը հանձնաժողովին դիտեք իբրև կոլեգաներ ու ոչ թե դահիճներ` դրա համար սովորել ա պետք: Մաղթում եմ, որ երբեք չփոշմանեք ձեր անցած ուղու համար ու մի օր բացի ձեր ծնողների տառապած աչքերից նաև մեր աչքերում հպարտություն շողա ձեր շնորհիվ:
Կեցցե ազատ երիտասարդը, կեցցե կրթված քաղաքացին: