Երեկ հետմիջօրեին ծխի չարագուշակ քուլաներ էին բարձրանում Հայաստանի երբեմնի տնտեսական հսկայի՝ «Նաիրիտի» տարածքից: Ձեռնարկությունը, ինչպես հայտնի է, արդեն քանի տարի է, ինչ չի գործում, սակայն ժամանակ առ ժամանակ նման պատահարներով հիշեցնում է իր ու այն մասին, որ մեր երկիրը ժամանակին նման լուրջ ձեռնարկություններ է ունեցել:
Ի՞նչ էր տեղի ունեցել այս անգամ: ԱԻՆ տարածած տեղեկատվության համաձայն։ Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին, ահազանգ է ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել եւ հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը: Նույն աղբյուրի համաձայն, ժամը 14:00-ի սահմաններում, հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:
Այնուհանդերձ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ծխահարվել է երեք հրշեջ-փրկարար. նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ եւ, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադարձել են հրդեհի վայր եւ շարունակել իրենց աշխատանքը:
Նաեւ նշվեց, որ իրականացվել են հրդեհին հարակից տարածքների հովացման աշխատանքներ, իսկ գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում:
Տարածված տեղեկատվության համաձայն, բռնկվել է լաք-էթինոլը: Դա նյութ է, որ ստացվում է կաուչուկի արտադրության ընթացքում (արտադրանքի ծավալի մոտ 10 տոկոսի չափով): Արտադրական տեսակետից համարվում է թափոն, սակայն այդ նյութը գործածվում է հակակոռոզիոն լաքերի ու ծածկերի արտադրության, այդ թվում՝ նավաշինության մեջ:
Նշված նյութը դյուրավառ է, բռնկվում է 30-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում: Հիշեցնենք, որ լաք-էթինոլի բռնկում «Նաիրիտի» տարածքում արձանագրվել էր նաեւ 11 տարի առաջ, 2006թ. դեկտեմբերին. այրվել էր մոտ 600 տոննա:
Առհասարակ տարօրինակ է, որ ձեռնարկությունը արտադրանք չի թողարկում, ըստ էության՝ «մեռած է - թաղած չէ», իսկ տարածքում եղած «թափոնը», որ գործածվում է հակակոռոզիոն նյութեր ու ծածկույթներ արտադրելու համար, մինչեւ հիմա մնացել է տարածքում: Որ ի՞նչ: Եթե դա մեկ այլ արտադրության համար հումք է, ապա ինչո՞ւ այն չվաճառել։ Իսկ այսպես՝ այրվեց-գնաց:
Խոսրովի պետական արգելոցում հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվում է հետախուզություն, նշվում է, որ երեկվա դրությամբ ակտիվ օջախներ չկան: Բայց շոգն ու կրակը զգացնել են տալիս այլ վայրերում:
Մասնավորապես նույն ԱԻՆ տեղեկատվության համաձայն, օգոստոսի 28-ին, ժամը 11:42-ին, տեղեկություն է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին (Սյունիք) մոտ 100 հա այրված տարածքում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ. Խուստուփ լեռից դեպի արեւմուտք այրվում է մոտ 100 քմ խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար ծառայող եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 30 աշխատակից:
Ասել կուզի՝ վտանգը ոչ միայն պահպանվում է, այլեւ նոր տարածքներում հրդեհի բռնկման լուրջ սպառնալիք կա: Մնում է հուսալ, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ լինեն:
Ինչ վերաբերում է օգոստոսի սկզբին ու կեսերին մոլեգնած հրդեհներին, ապա ինչպես հայտնի է, թե՛ Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքում բռնկված, թե՛ Խոսրովի արգելոցում տեղի ունեցած դեպքերով զբաղվում են քննչական մարմինները: Թե նրանք ինչեր կբացահայտեն, մեդալի մի կողմն է:
Իսկ մեդալի, պատկերավոր ասած՝ մյուս կողմում հենց այդ խոշոր, հարյուրավոր հեկտարներ ընդգրկած հրդեհներով արված բացահայտումներն են: Թերեւս դեռ առիթ կլինի ավելի հանգամանորեն այդ խնդրիներին անդրադառնալու, սակայն մի քանի հետեւություն արժե այստեղ նշել:
Հարկավ, թե հրշեջները, թե բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցները, թե զինվորականներն ու կամավորները, առանց չափազանցության, մեծ գործ արեցին՝ դիմագրավելով հրե տարերքին: Այնուհանդերձ, հրդեհի դեմ պայքարում իրական բեկում հաջողվեց արձանագրել Ռուսաստանից արագորեն տրամադրված օգնության՝ հրշեջ օդանավի, նաեւ՝ եղանակային պայմանների կարճատեւ մեղմացման շնորհիվ:
Ու պոստ-ֆակտում, կարծում ենք, ակնհայտ է տրամադրության լեռնային կտրտված տեղանքում արդյունավետ աշխատող հրշեջ տեխնիկա, ամենագնաց հրշեջ մեքենաներ, անգամ՝ հատուկ ուղղաթիռներ (գոնե 1-2), նաեւ՝ 15-20 լիտր տարողությամբ անհատական սրսկիչներ ունենալու անհրաժեշտությունը:
Այո, այս տարվա հրդեհները աննախադեպ էին՝ ընդգրկած տարածքով ու ծավալներով ու այնպես չէ, որ ամեն տարի կարող է նման բան լինել, բայց մշտապես պատրաստ լինել ուղղակի պարտավոր ենք: Այդ տեսանկյունից, կարծում ենք, նաեւ անտառային հնարավոր հրդեհավտանգ տարածքներում իմաստ ունի նախապես հրշեջ դրուժինաներ ձեւավորել տեղի բնակիչներից, որպեսզի իրական վտանգի դեպքում ամեն մեկն իմանա իր անելիքն ու արդյունավետ գործողությունների դիմի:
Կարծում ենք, խիստ էական է բնակչության հետ աշխատանքի հարցը: Նկատի ունենք այն, որ ինչ էլ ասվի, կան շրջակա միջավայրին եւ բնությանը անխնա վերաբերվողներ: Չէինք ցանկանա ասել՝ շատերը: Մանավանդ այս դեպքում քչերն էլ բավարար են՝ մեծ աղետի մեջ ընկնելու համար: Մեկը մի տեղ կրակ արեց ու չմարեց, մյուսը ծխացող գլանակը նետեց, երրորդն անսարք մեքենա շահագործեց (ըստ աշխատանքային վարկածի, հենց նման պատճառ է նշվում Արտավանի հրդեհի դեպքում), չորրորդը պարզապես չոր խոտը վառեց, ինչպես շատ ու շատ վայրերում են անում:
Ու խնդրեմ՝ բնապահպանական աղետը պատրաստ է:
Նյութի աղբյուր՝ http://armworld.am/detail.php?paperid=5640&pageid=169691&lang
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել